‘«Ոչ թալանին». Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթ է տեղի ունեցել (ֆոտո)’

1974

Օգոստոսի 1-ին Մատենադարանին հարող հրապարակից մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ երթը: Բողոքի ակցիան կազմակերպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր նաև Երևանի բնակիչներին կոչ են արել իրենց բողոքն արտահայտել`ակցիայի ընթացքում անջատելով իրենց բնակարանների լույսը:

Ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ`բացականչելով «Ոչ թալանին»: Որպես սակագների բարձրացման դեմ բողոքի նշան` ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են վառվող մոմեր և լամպ խորհրդանշող վառ դեղին փուչիկներ:

Ակցիայի մեկնարկից առաջ ընթերցվել է ուղերձ, որում կոչ է արվում ձևավորել հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի էներգետիկ ընկերությունների եկամուտները և ծախսերը: Մինչև հետաքննության ավարտը «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում էլեկտրաէներգիայի սակագները թողնել նախկինի չափով: Իրենց պայմանների կատարման համար ակտիվիստները մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը ժամանակ են տվել:

Ավելացնենք, որ բողոքի համանման ակցիաներ կանցկացվեն նաև Գավառում, Կապանում և Շիրակի մարզում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակչության համար 2014 թ. օգոստոսի 1-ից 10%-ով ավելացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Կարգավորող մարմնի որոշման համաձայն, ցերեկային սակագինը բնակչության համար կավելանա մինչև 1 Կվտ/ժ դիմաց 41,85 դրամ` ներկայումս գործող 38 դրամի փոխարեն (աճ 10,1%-ով), իսկ գիշերային սակագինը կավելանա մինչև 31,85 դրամ` ներկայումս գործող 28 դրամի փոխարեն (աճ 13,7%-ով): 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ-ն պնդում է, որ պարտք չէ ՄՀՀ-ին 60 մլն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Հնագետները գտել են աթենացի զորահարամանատար Պերիկլեսի գործածած բաժակը’