‘Ոչ մի ուժային չպիտի դառնա Քոչարյանի «անմեղացման» քավության նոխազ’

8808

Իրեն առաջադրված մեղադրանքից հետո հարցազրույցների սիրահար դարձած Ռոբերտ Քոչարյանն այդ հարցազրույցների ժամանակ խոսում է նաեւ առաջադրված մեղադրանքից եւ, բնականաբար իրեն անմեղ հայտարարելով, ամեն անգամ որոշակի մեկնաբանություններ է անում մարտի մեկի վերաբերյալ:

Նման վերջին փորձը Քոչարյանն արեց «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցի ժամանակ:

Սակայն, ի տարբերություն իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի, որն իր վերջին հարցազրույցում մարտիմեկյան դեպքերի համար ընդդիմությանը մեղադրում էր այսպիսի ձեւակերպումներով, թե դա նույնն է, եթե երեխաներին տանես մետրոյի գծերի վրա կանգնեցնես, իմանալով, որ գնացքը կգա ու կխփի, Քոչարյանն ավելի խոսուն է դարձել:  

Նախ, բացի այն, որ Քոչարյանն այդպես էլ չի հասկանում, թե ինքն ինչպե՞ս կարող էր տապալել սահմանադրական կարգը, այսինքն` ինքն իրեն (այդպես էլ չհասկանալով, որ ինքն ի պաշտոնե այն ժամանակ ոչ թե սահմանադրական կարգն էր որպես այդպիսին, այլ դրա երաշխավորը), ահա թե ինչ է հիմա ասում նա. «10 տարի առաջ մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, որոնք այն ժամանակ իրենց լոզունգներով եւ քայլերով, ըստ էության, փորձում էին տապալել սահմանադրական կարգը, այսօր փորձում են վրեժխնդրության հարց լուծել մարդկանց հետ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին: Սա է գործի ամբողջ էությունը եւ մոտիվացիան, որը շարժում է այսօրվա Հայաստանի իշխանություններին, այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջեւ»:

Այսինքն, այսօր էլ Քոչարյանը տեղի ունեցածը համարում է մասսայական անկարգություն, իսկ ազատ ցույցեր եւ հավաքներ անելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը` սահմանադրական կարգը տապալելու փորձ: Ինչո՞ւ՝ սահմանադրական կարգը տապալելու փորձ, դե արդեն ինչպես իր նախորդ հարցազրույցում ասել էր` քանի որ սահմանադրական կարգը հենց ինքն էր, հետեւաբար իր իշխանության կամ իր կողմից արված արարքի դեմ բողոքը սահմանադրական կարգը տապալելու փորձ էր:

Բայց Քոչարյանը շարունակում է: Ասում է. «Այո, փորձել քննել մարտի մեկը, բայց փորձել ման գալ մարդկանց, որոնք կրակել են եւ կրակել են ոչ միայն քաղաքացիների վրա, այլեւ մարդկանց, որոնք կրակել են եւ սպանել են երկու ոստիկան, եւ միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել քրեական գործի ամբողջական բացահայտման մասին: Բայց տվյալ դեպքում գործը ունի քաղաքական ենթատեքստ, եւ սա ես որակում եմ իբրեւ քաղաքական վենդետտա»:

Հիմա տեսեք, թե ինչ է անում Ռոբերտ Քոչարյանը: Նախ` դրվագայնացնում է տեղի ունեցածն ու փորձում խզել տեղի ունեցածի պատճառահետեւանքային կապը: Այսինքն, օդից մարդիկ հայտնվել են Մյասնիկյանի արձանի մոտ եւ, ըստ նրա, կազմակերպել մասսայական անկարգություններ: Եւ ապա, «ինչ-որ մարդիկ» կրակել են քաղաքացիների եւ երկու ոստիկանի վրա ու սպանել նրանց:

Ու ահա, Քոչարյանն առաջարկում է տալ կրակողների անուններն ու համարել, որ գործը բացահայտված է:

Որովհետեւ, մնացած ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքն է նկարագրում:

Բայց տեսեք.

1. Մարտի մեկին մարդիկ հենց այնպես չեն հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ, եւ դա ոչ թե առանձին մի դեպք կամ դրվագ է, այլ դրան նախորդող դեպքերի մի մասը:

2. Ըստ նախորդ իշխանությունների մինչեւ վերջերս շրջանառած պաշտոնական վարկածի` երկու ոստիկաններից մեկին` սպա Համլետ Թադեւոսյանին ոչ թե կրակել են, ինչպես հիմա պնդում է Քոչարյանը, այլ նա սպանվել է իբրեւ թե ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ նետված նռնակի պայթյունի հետեւանքով, թեեւ պայթյունի վայրը գետնին այդպես էլ չի հայտնաբերվել: Ըստ Փաստահավաք խմբի զեկույցի` Թադեւոսյանը մահացել է իր ձեռքում եղած «Զարյա» տեսակի նռնակի պայթյունից:

Մյուս զինծառայողին` Տիգրան Աբբգարյանին, ըստ նույն նախկին վարկածի, սպանել է անհայտ անձը: Նա, իբր, մոտեցել է մի քանի շարքով կանգնած զինծառայողներին (այստեղ ցուցարարներ չեն եղել), կրակել եւ վիրավորել է շարքում կանգնած Աբգարյանին, հետո Ոստիկանության ՆԶ հրամանատարի հրամանով դիպուկահարն իբրեւ թե կրակել եւ ոտքից վիրավորել է կրակողին, ինչից հետո վերջինս կարողացել է բոլոր ուժայինների աչքի առաջ սողալով փախչել՝ իր հետ տանելով նաեւ իր ինքնաձիգը: Այսինքն, Քոչարյանն ասում է մի բան, որը նախորդ իշխանությունների պաշտոնական վարկածից է անգամ տարբերվում: Եթե նա պնդում է, թե երկու ոստիկաններին էլ կրակելով են սպանել, ուրեմն, նա տեղի ունեցածի վերաբերյալ կեղծ ուղղություններ է հորինում, եթե ակնարկում է, որ ոստիկանների նկատմամբ «կրակոցների» հեղինակները ցուցարարներն են եղել, ուրեմն նա սպանության հանգամանքների վերաբերյալ կարեւոր վկա է, եւ հետեւաբար հարց է առաջանում`  ինչո՞ւ չի հայտնում այդ տեղեկությունները ՀՔԾ-ին կամ ինչու՞ ինքը չի հրապարակում դրանք:

3. Մարտի 1-ին սպանվել է 10 մարդ, որոնցից 3-ը «Չերյոմուխայից»: Կրակող ոստիկանների փոքրաթիվ շրջանակը հայտնի է: Պարզապես կոնկրետ կրակողներին տասը տարիների ընթացքում նախկին իշխանություններն իբրեւ թե չեն կարողացել նույնականացնել: Մյուսների սպանության հանգամանքներն էլ` նորից իբրեւ թե չեն կարողացել պարզել: Ընդ որում, անգամ նախկին իշխանությունները` բոլոր քննություններով ու դատավարություններով այդպես էլ չեն կարողացել մատնանշել գեթ մեկ ցուցարարի, որը զինված է եղել: Այսինքն, անգամ նախկին իշխանությունները փաստացի հաստատել են, որ ցուցարարներն անզեն էին, հետեւաբար ցուցարարների ուղղությամբ սլաքներն ուղղելու Քոչարյանի փորձերն առնվազն խղճալի են:

Իսկ իրականում Քոչարյանն ասում է հետեւալը. Մարտի 1-ի քննությունը տարեք իմ վարկածով, ի հայտ բերեք միայն կրակ արձակածներին, դատապարտեք նրանց ու վերջ, որովհետեւ «ինչ եղել ու արվել է մինչ այդ ու դրանից հետո, նորմալ էր եւ օրինական»: Բարդեք մարտի 1-ը միայն կրակ արձակած ոստիկանների եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչների վրա, ու համարենք էջը փակված:

Բայց՝ մի րոպե. ինչո՞ւ պետք է միայն այդ կրակ արձակածները դատապարտվեն, ինչո՞ւ նրանք պետք է դառնան Ռոբերտ Քոչարյանին մաքրող քավության նոխազ: Չէ՞ որ նրանք ինքնագլուխ չեն գործել, բոլորը շարժվել են ըստ հրամանի` վերադասության կարգով, եւ հետեւաբար շղթան պետք է բացահայտվի մինչեւ վերջ: Դուր գա դա Ռոբերտ Քոչարյանին, թե` ոչ:

Եւ ամենակարեւորը` իր մեղավորությունը իր նախկին ենթակաների վրա բարդելով (մինչ այդ էլ, ինչպես հիշում ենք` Քոչարյանը հայտարարում էր, թե 0038 հրամանի բովանդակությունից տեղյակ չէր)՝ Քոչարյանն իրականում ազատում է իր նախկին ենթակաների ձեռքերը: Եթե Քոչարյանը ցանկանում է մաքուր դուրս գալու համար «զոհել» նրանց, ապա նրանք հիմա առավել քան երբեւէ ազատ են պատմել ճշմարտությունը, ասել` ինչ են արել, որտեղ, ինչպես եւ ումից են ստացել հրամանները:

Ի վերջո, ուժային կառույցները` թե Բանակը, թե Ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն, խաղալիք չեն, որ սկզբում նրանց օգտագործես ներքաղաքական հարցերում, հետո հայտարարես, թե դու անմեղ ես, գտեք այդ կառույցներից ենթակա կատարողներին` «ամենամեղավորներին», դատապարտեք նրանց, ու համարենք, թե ամեն ինչ բացահայտված է:

Ուսադիրներ կրող եւ դրա պատիվն իմացող ոչ մի զինվորական, ոչ մի ոստիկան չպետք է իր վրա վերցնի նաեւ ուրիշի ապօրինի հրամանների պատասխանատվության բեռը` դառնալով Ռոբերտ Քոչարյանի «անմեղացման» զոհը:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում հրապարակվելու են Մարտի 1-ի գործով առաջին վճիռները’
Հաջորդ հոդվածը‘Նավաս. Մոդրիչն արժանի էր մրցանակին ‘