‘Ոչ սթափ վիճակում գտնվող սերժանտից կաշառք պահանջած ՃՈ տեսուչը ձերբակալվել է’

1122

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՃՈ տեսուչները գումար են պահանջել ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի ղեկին նստած ոստիկանության սերժանտից: Դեպքի մանրամասները ստորև.

Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ներկայացած ոստիկանության սերժանտը ներկայացրեց զեկուցագիր հետևյալ բովանդակությամբ: Հուլիսի լույս 31-ի գիշերը, ժամը երկուսի սահմաններում, իր վարած մեքենան Լենինգրադյան փողոցում կանգնեցնում է ճանապարհային ոստիկանության կարգախմբերից մեկը: Տեսուչները կասկածում են նրան ոգելից խմիչք օգտագործած լինելու մեջ, և կասկածներն անհիմն չէին: Նրան ստուգման չներկայացնելու և 150 հազար դրամ տուգանք նախատեսող արձանագրություն չկազմելու համար տեսուչներից մեկն առաջարկում է «կանխիկ» մուծում կատարել, առանց թղթաբանության` նախատեսվածի կեսից մի բան էլ պակաս, 70 հազար: Գործին չէր օգնել նաև այն, որ սերժանտը ներկայացել էր որպես ոտիկանության աշխատակից և, չունենալով վարորդական իրավունքի վկայական, տեսուչին էր տվել իր ծառայողական վկայականը:

Պարզվում է, որ սերժանտը չունի այդ գումարը: Պայմանավորվում են հանդիպել հաջորդ օրը, և որպես երաշխիք ճանապարհային ոստիկանը վերցնում է նաև սերժանտի մեքենայի տեխնիկական անձնագիրն ու նրա հոր վարորդական իրավունքի վկայականը:

Հաջորդ օրը, պայմանավորված ժամին սերժանտը հանդիպման չի ներկայանում: Դրանից հետո նրա բջջային հեռախոսին երեք անգամ զանգահարում են ճանապարհային տեսուչները, ի դեպ` փակ համարից, և պահանջում ներկայանալ հանդիպման: Ծառայության մեջ գտնվող սերժանտի փոխարեն հանդիպման է ներկայանում նրա եղբայրը: Տեսուչի պահանջը նույնն էր, իսկ եղբայրը կրկին ժամանակ է խնդրում:

Օգոստոսի մեկին ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցներն արդեն գործի են անցնում: Պարզվում է, թե Լենինգրադյան փողոցում դեպքի օրը որ տեսուչներն են ծառայություն իրականացրել, ճշտվում է մեքենան, որով հաջորդ օրը հանդիպման է գնացել տեսուչը: Նախապատրաստվում է հետագա գործողությունների ծրագիր:

Օգոստոսի 2-ի առավոտյան կրկին փակ համարից զանգ է գալիս սերժանտի բջջային հեռախոսին: Բայց համարն արդեն այնքան էլ փակ չէր… Ճանապարհային ոստիկանության տեսուչ Տիգրան Գևորգյանն էր: Պայմանավորվում են հանդիպել Նոր Նորքի թաղապետարանի մոտ: Այս անգամ հանդիպումը կայանում է…

 Տեսուչը չափից ավելի զգուշավոր էր: Կամ ինչ-որ կանխազգացում ուներ, կամ իսկապես զղջացել էր, որ փող է պահանջել ոստիկանից: Տիգրան Գևորգյանը փաստաթղթերը վերադարձնում է սերժանտին, բայց գումարը չի վերցնում: Զղջումը, սակայն, ուշացած էր, քանի որ գումար պահանջելն արդեն իսկ ավարտված հանցակազմ է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի երկրորդ մասով հարուցվել է քրեական գործ: Տիգրան Գևորգյանը ձերբակալված է:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել հարգել հրադադարը’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկին 40 տարեկան է (տեսանյութ)’