‘«Ոսկե ծիրան»-ը կնշի Օթար Իոսելիանիի 80-ամյակը’

1060

«Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնը կնշի հանրահայտ ռեժիսոր Օթար Իոսելիանիի 80-ամյակը: Առանձին ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նրա 4 ֆիլմերը` «Տերևաթափ» (1966), «Ապրում էր երգող մի կեռնեխ» (1970), «Պաստորիալ» (1975) և «Շանտրապա» (2010 թ.):

«Կինոն ինձ համար ամենաանհրաժեշտ բաներից է: Ցավոք, ես ոչ մի այլ բան չեմ կարող անել», — խոստովանել է Իոսելիանին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Իոսելիանին կինո է մուտք գործել ոչ միանգամից: «Սկզբում ես երաժիշտ էի: Մի հորեղբայրս նայեց իմ նոտաներն ու ասաց. «Այդպես էլ ողջ կյանքում պետք է կարդաս ուրիշների տեքստե՞րը»: Այնուհետև ուզում էի դառնալ մաթեմատիկոս: Բայց չէի ուզում գնալ Սախարովի ուղիով, ստեղծել ռումբ ու ափսոսալ այդ մասին: Ինչպես ասել է Սոլժենիցինը, գլխավորը չարին չմասնակցելն է», — ասել է ռեժիսորը:

 Չնայած միջազգային թատերաբեմում Իոսելիանիի ակնհայտ հաջողություններին (Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոններում), Խորհրդային Միությունում նրա ֆիլմերը գտնվում էին արգելքի տակ: Իր առջև ծառացած բարդություններին ռեժիսորը վերաբերվում է փիլիսոփայորեն: «Խորհրդային ռեժիսորների ողջ բանակում կար մոտ 7 պարկեշտ մարդ: Օրինակ, Տարկովսկին, Փարաջանովը: Մյուսները զբաղված էին խորհրդային կյանքի քարոզչությամբ: Երբ սկսվեց «պերեստրոյկան», վերացավ նաև այդ քարոզչության անհրաժեշտությունը, և կինոն ամեն տեղ փակվեց», — ասել է նա:

 Իր ստեղծագործական կյանքում Իոսելիանին հանդիպել է արվեստի բազմաթիվ հանրահայտ գործիչների: «Երբ հանդիպում են երկու նկարիչ, ապա նրանք սկզբում տնտղում են միմյանց, և միայն դրանից որոշում` շփվել, թե ոչ: Շփման գլխավոր պայմանն այն է, որ նա հիմար չէ, պարծենկոտ չէ, այլ պարկեշտ մարդ է», — ասել է նա:

Այն անձանց թվում, որոնց Իոսելիանին ճանաչել է մոտիկից, եղել են Իոսիֆ Բրոդսկին և Սերգեյ Փարաջանովը: «Բրոդսկին խիստ երիտասարդ էր, բայց երբ բացվում էր, ապա դառնում էր նորմալ պիտերյան խուլիգան: Փարաջանովն էլ ուներ իր «խաղերը», — ժպիտով ասել է ռեժիսորը:

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնն իր աշխատանքները կավարտի հուլիսի 20-ին: Փառատոնն ընդհանուր առմամբ հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի 49 երկրների 300 ֆիլմ:

Նախորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանը նշանակվեց’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիների հաշիվները արգելափակելու հետ կապված՝ ԴԱՀԿ-ն բանկերին օրական 10 000 դիմում է ներկայացնում ‘