‘
Տարբեր փորձագետներ ամենատարբեր առիթներով նշել են, որ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող գլխավոր խնդիրը ոչ թե կամ ոչ այնքան օրենսդրությունն է, որքան տնտեսության քվոտավորումն ամենաբարձր մակարդակով եւ, ըստ այդմ, ստվերայնության մակարդակը:
Սրա ապացույցը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության չափազանց ցածր մակարդակն է ոչ միայն աշխարհի` մեզ պես երկրների, այլեւ հենց մեր հարեւանների համեմատությամբ: Եվ սա այն դեպքում, երբ որոշ հարկատեսակներ մեզանում շատ ավելի բարձր դրույքաչափերով են կիրառվում, քան մյուս երկրներում:
Policy Forum Armenia (PFA)-ի «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» զեկույցում բերված տվյալների համաձայն, օրինակ, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 16.3% է (շահութահարկը և ԱԱՀ-ն՝ 20-ական տոկոս), Վրաստանում՝ 24.9% (շահութահարկը 15%, ԱԱՀ-ն 18%), Ռուսաստանում (ոչ նավթային)՝ 22.1% (շահութահարկը 20%, ԱԱՀ-ն 18%), Սերբիայում՝ 33.7% (շահութահարկը 10%, ԱԱՀ-ն 18%), Կիպրոսում՝ 25.9% (շահութահարկը 10%, ԱԱՀ-ն 15%), Լատվիայում՝ 27.7% (շահութահարկը 15%, ԱԱՀ-ն 22%), և այլն:
Սա իսկապես խայտառակություն է, եւ ոլորտը դիտարկես` նույն պատկերն է: Ընդ որում` խեղկատակությունը հասել է նրան, որ օրենքները գրվում են հատուկ մարդկանց որոշակի արտոնություններ տալու նպատակով, իսկ թե այդ ընթացքում ինչ կլինի նույն ոլորտում աշխատող մնացած մարդկանց հետ` հոգները չէ:
Նույն ոսկու շուկան դիտարկենք, որտեղ զբաղված մարդիկ այս պահին չափազանց անհանգստացած են սպասվող փոփոխություններով:
Բանն այն է, որ «Թանկարժեք մետաղների մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում` կառավարության կողմից ներկայացվախծ փոփոխությունների համաձայն` այսուհետ ոսկու ձուլակտոր ներմուծողներն ազատվելու են ավելացված արժեքի հարկից, ինչը նշանակում է, որ այդ բեռը տեղափոխվելու է մանրածախ շուկա, հետեւաբար` սպառողի ուսերին: Չգիտեմ` ում փայլուն ուղեղում է նման միտք ծագել, ըստ որի` հումք ներմուծողը չի հարկվելու, բայց հարկվելու է տվյալ հումքից պատրաստված իրը, սակայն այս պահին իսկ հստակ է, որ առանց այդ էլ անելանելիությունից ստվերում հացի փող աշխատող մարդիկ է’լ ավելի են ստվեր մղվելու` այդկերպ ցանկացած պահի խոցելի դառնալով: Եվ սա այն պարագայում, երբ առանձին գնահատականներով` ոլորտի ստվերը հենց այս պահին էլ մոտավորապես 60% է կազմում: Բավական է վերցնել Պետեկամուտների կոմիտեի ծանուցումների ցանկը, եւ կտեսնեք, որ մի հսկա հատված վերաբերում է հատկապես ոսկյա զարդերի ապօրինի առքուվաճառքին կամ ընդհանրապես ոլորտում չլիցենզավորված գործունեությանը:
Տարօրինակ կերպով օրերս այս փոփոխություններին դեմ էր արտահայտվել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` նշելով, թե դրանք որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: «Կամ ամբողջ շղթան պետք է հարկվի, կամ բոլորը պիտի ազատվեն ԱԱՀ-ից»,- հարցի շուրջ հանձնաժողովի քննարկման ընթացքում հայտարարել էր Վարդան Այվազյանը:
Սրան ի պատասխան` Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը խոստացել է խնդիրը քննության առնել Արդյունաբերության զարգացման խորհրդի առաջիկա նիստում` հընթացս հայտարարելով, թե այսուհետ ոսկյա զարդերի առքուվաճառքի հսկողությունը փոխանցվել է հենց իրենց նախարարությանը:
Ոսկու շուկան, սակայն, միեւնույն է` փոթորկված է: Այստեղ ոչ միայն լավ գիտեն կառավարության «խոստման գինը», այլեւ լուրեր են շրջանառում, թե օրենքի փոփոխությունը իրականացվել է հատուկ մի’ մարդու համար, եւ այդ մարդը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մորեղբայր Գրիշա Հարությունյանն է:
Չգիտեմ` որքանով են այս լուրերը ստույգ, բայց հետաքրքրվելով Գրիշա Հարությունյանի գործունեությամբ, պարզեցինք, որ սա այն նույն Հարությունյանն է, ում, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, սրանից երկու տարի առաջ ռուսական wek.ru-ն էր անդրադարձել: Համաձայն հայտնի այդ հոդվածի` Հարությունյանը, որ 1000+1 խանութներին ցանցի սեփականատերն է եւ մեզանում իր եղբորորդու հետ միասին առավելապես հայտնի դարձավ ՀՀ-ից բանանի «արտահանմամբ», անմիջապես Սերժ Սարգսյանի հովանավորությամբ տարիներ շարունակ զբաղվել է Հայաստանից սեւ եւ գունավոր մետաղների արտահանմամբ, նաեւ` Բուզանդի փողոցում «էլիտար» շինարարարություն իրականացնող «Գրիար» ընկերության սեփականատերն է, այսինքն` մեկը, ով մարդկանց դուրս շպրտեց իրենց տներից` դրա դիմաց կոպեկներ շպրտելով նրանց:
Հիմա, ուրեմն, ոսկերիչների շրջանում կրկին այս մարդու անունն է շրջանառվում, եւ ասում են, թե հենց նրա’ն են արտոնել առանց ԱԱՀ վճարելու` հանրապետություն ոսկե ձուլակտորներ ներմուծելու «սուրբ առաքելությունը»:
Կրկնում եմ` չգիտեմ, թե որքանով են այս լուրերը ստույգ (թեպետ մեզանում երբեք ակրակ ծուխ չի լինում), բայց որ կառավարությունը պիտի վերջապես հաշիվ տա իրեն ու դադարի կործանել փոքր ու միջին բիզնեսը` սա հստակ է:
Գոհար Սիմոնյան
‘