‘
Ոսկու շուկայի հայտնի սեփականատեր Վաղարշը, քանի կար՝ «լավ էր անում, որ սեղանները ջարդում էր», հիմա էլ որոշել է շուկայի աշխատակիցներին այլ ձեւով վախեցնել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխման դեմ բողոքող առևտրականները այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Ցույցից երկու-երեք օր առաջ Վաղարշակ Աբրահամյանը Ոսկու շուկայի տաղավարների վարձակալներից մի քանիսին սպառնացել է 15 օրվա ընթացքում լուծարել նրանց պայմանագրերը՝ պատրվակ բռնելով շինարարական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Ի՞նչ է ստացվում, Վաղարշը ավելի քաղաքակի՞րթ է դարձել՝ տաղավարները քարուքանդ անելուց անցել է թղթային սպառնալիքների՞: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վաղարշակ Աբրահամյանը, iLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ ոսկու շուկայի անվտանգության աշխատակիցները, իր հրահանգով եւ մասնակցությամբ՝ մոտ հինգ-վեց սեղաններ էին ջարդել, ասել էր՝ «Լավ եմ անում, չեն ենթարկվում օրենքին, դրա համար էլ պատժում եմ իրենց, եւ եթե էլի չենթարկվեն, հանելու եմ դուրս, թող գնան ուրիշ տեղ աշխատեն»: Փաստորեն՝ Վաղարշը փորձում է իրականություն դարձնել իր խոսքերը՝ ահաբեկելով ոսկու շուկայի աշխատակիցներին այն պայմաններում, երբ տաղավարների հարկերի հետ սեփականատերը ընդհանրապես կապ չունի՝ նա միայն տրամադրված տարածքի դիմաց վարձ է վերցնում:
‘