‘Ոստիկանական ծուղակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) ‘

4690

Երևանի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում՝ Օպերայի մոտ, ոստիկանությունը նոր  թակարդ է լարել վարորդների համար: Արդեն շուրջ երկու շաբաթ այստեղ, օրենքի լեզվով ասած՝ փոփոխվել է ճանապարհային երթևեկության կազմակերպումը, այն է՝ Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ արգելվել է ձախ շրջադարձը:

Վարորդներին շփոթության մեջ է գցում մասնավորապես այն, որ, թեև գետնի վրա և ճանապարհի վերևում համապատասխան «ուղիղ և ձախ» երթևեկությունը թույլատրող նշանները փոխարինվել են միայն «ուղիղ» նշաններով, սակայն վերգետնյա՝ հետադարձն արգելող ճանապարհային նշանը շարունակում է կախված մնալ: Փորձառու վարորդները կվկայեն, որ հետադարձն արգելող նշանները տեղադրվում են միայն այն դեպքում, երբ թույլատրված է ձախ շրջադարձը (ինչպես արված է նույն հատվածի հակառակ ուղղության վրա, տեսանյութում՝ վերջին կադրը): Բացի դրանից, թեև սև ներկով ծածկվել են դեպի ձախ տանող կետագծերը, սակայն դրանք շարունակում են փայլել լույսի տակ՝ վարորդներին «համոզելով», որ դեպի ձախ երթևեկությունը թույլատրելի է:

Բարդություն է առաջացնում նաեւ այն, որ ձախ շրջադարձի արգելք դնելով՝ փոփոխություն չի մտցվել խաչմերուկի երթեւեկությունը կարգավորող լուսաֆորի աշխատանքի մեջ, այսինքն՝ հանդիպակաց մեքենաների մոտ կանաչ լույսը վառվում է մի քանի վայրկյան ուշ՝ կարծես այս կողմից ընթացող վարորդներին հրավիրելով ձախ թեքվել:  

Բոլոր այս մոլորեցնող հանգամանքները լրացնելու է գալիս այն, որ նշված փոփոխությունը պատշաճ կերպով չի լուսաբանվել լրատվամիջոցներում:

Համաձայն «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21. հոդվածի 1-ին կետի, «ճանապարհի և  դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են… զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ և (կամ) հանրությանը մատչելի այլ ձևերով երթևեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխության և (կամ) սահմանափակման, ներառյալ` ճանապարհային երթևեկության նշանների փոփոխության մասին»:

Մինչդեռ ո՛չ ոստիկանության Police.am կայքում, ոչ որևէ այլ լրատվամիջոցում երկար որոնումներից հետո նշված փոփոխության մասին որևէ իրազեկում չգտանք:

Արդյունքն այն է, որ փոփոխությունից շուրջ երկու շաբաթ անց վարորդները շարունակում են, սովորության համաձայն, նշված հատվածում նախկին կանոններով երթևեկել: Շուրջ 10 րոպե տևած նկարահանման ժամանակ մեր տեսախցիկը մոտ 10 անգամ վարորդների կողմից ձախ շրջադարձ արձանագրեց: Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենքի՝ նշված խախտումը պատժվում է 5000 դրամ տուգանքով: Եթե հաշվի առնենք, որ Բաղրամյան-Մոսկովյան բանուկ խաչմերուկի բոլոր անկյուններում երթևեկությունը վերահսկող տեսախցիկներ են տեղադրված, կարող ենք ենթադրել, թե քանի միլիոն դրամով կհարստանա Սաշիկ Սարգսյանի «Սեքյուրիթի դրիմը»՝ մինչև Երևանի վարորդները վարժվեն հերթական նորամուծությանը: Իսկ վարժվելուց հետո՝ ստիպված լինեն վարժվել մեկ այլ «անակնկալի»: 

 

Նախորդ հոդվածը‘Freedom House. Ադրբեջանն օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն է ցույց տալիս’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» պատրաստ է Պելեգրինիին փոխարինել Գվարդիոլայով’