‘
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին է մակագրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասին առաջին կետ, հատկանիշներով քաղաքացի Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին հաղորդում է Pastinfo.am կայքը։
Քրեական գործը հարուցվել էր քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ:
Արթուր Անդրեասյանը, ըստ մեղադրանքի, 2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով՝ թվով 7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, նրանց անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք:
Մամուլի հրապարակումներում որպես խարդախություններով ու շորթումներով զբաղվող խմբի ակտիվ դերակատարներ շոշափվում էին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, ինչպես նաև՝ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները։
ՀՔԾ-ն առայժմ ոչ հաստատում, ոչ հերքում է այդ տեղեկությունները, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն՝ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքում այդ անունները անուղղակիորեն են շոշափվում. Ա.Անդրեասյանը շահարկել է նրանց անունները:
Այսպես, ըստ համառոտ մեղադրական եզրակացության՝ բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում՝ Ա.Անդրեասյանը նկարագրված արարքները կատարել է` Կարեն Բաբակեխյանի, Ներսես Նազարյանի, նրա որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության շնորհիվ, իր հանդեպ վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով:
‘