‘Ոստիկանները գյումրեցի վաճառականներին սպառնալիքներով ստիպում են չմասնակցել եռյակի հանրահավաքին’

1855

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի ալիքը հասել է Գյումրի: Գյումրեցիները  վաղ առավոտից փակել էին իրենց տաղավարները եւ դուրս եկել բողոքի: Ցուցարարները փակել էին շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկությունը:

Քիչ առաջ iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ ոստիկանները այս պահին մտնում են բողոքի ցույցին մասնակցած առեւտրականների վաճառակետերը եւ «հորդորում» նրանց չմասնակցել հոկտեմբերի 8-ին կայանալիք ոչ իշխանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի եւ Ժառանգության կազմակերպած հանրահավաքին:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ մի շարք քաղաքացիներ նման ահազանգով դիմել են Կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակ՝ հայտնելով, որ ոստիկանները սպառնում են, թե պատրաստվում են տեսանկարահանել հանրահավաքը եւ ծանոթ դեմքեր տեսնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառեն որոշակի գործողություններ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երեւանում մեկնարկել է փոքր վաճառակետերի տնտեսվարողների բողոքի ցույցն ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքի: Համաձայն դրա՝ առեւտրականների շրջանառության հարկը նվազում է 3,5 տոկոսից մինչեւ 1 տոկոս: Փոխարենը տնտեսվարողները տուգանքների սպառնալիքի տակ պարտավորվում են հարկային մարմիններին փաստաթղթային տվյալներ տրամադրել վաճառված ապրանքի ծագման մասին: 

 

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» ևս մի պատանդի տեսահոլովակ է տարածել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» «Լուդոգորեցի» հետ խաղով մտադիր է խաղալ վիշապի պատկերով սև գույնի մարզաշապիկով’