‘Ոստիկանները ծեծել են բռնաբարության մեջ կասկածվող ոստիկանին’

1359

ՀՔԾ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության Կենտրոնականի և քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դանակի և ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի և նրա 13-ամյա դստեր` անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցն առևանգել է նրանց, ավտոմեքենայով տեղափոխել ամայի տարածք, որտեղ բռնաբարել է Ք.Բ.-ին:
Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

Առաջադրված մեղադրանքում Էդգար Վարագյաննն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո` սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաև քննչականի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, որի ազդեցության տակ և վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում, նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք. Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան` առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետևանքները: 

Էդգար Վարագյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմում են ներկայացրել նաև վերջինիս ծնողները:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը Մանկական Եվրատեսիլում հանդես կգա 3-րդ համարի ներքո. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ի պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին ‘