‘Ոստիկանները հայտնեցին, որ իրենք Սաշիկ անունով մարդու չեն ճանաչում’

1321

Այս պահին մայրաքաղաքի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Բաղրամյան 26-ի դիմաց: Հավաքված բնակիչները պահանջում են, որպեսզի նախագահականից իրենց ընդունեն և լուծում տան իրենց խնդրին: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` բնակիչների խնդիրը հինգ տարվա վաղեմություն ունի: Հանրապետության 33-րդ թաղամասը կառավարության կողմից ճանաչվել է գերակա շահ և օտարվել, իսկ ապրողներին խոստացվել է կարճ ժամկետում նոր բնակարան հատկացնել, սակայն հարցը մինչև հիմա լուծում չի ստացել: «Արդեն հինգերորդ տարին է, անցած տարի էլ էս նույն ժամանակ մենք նորից այս բողոքի ակցիան կազմակերպեցինք, Հանրապետական կուսակցության դեմ էլ հանդիպեցինք իրան տեսանք, Տարոնն էլ մեզ հանդիպեց, բայց ի՞նչ` ոչ մի հարց էլ չի լուծվում: Անգամ մեզ հետ պայմանագիր անցած տարի կնքեցին, երկարաձգեցին՝ արդեն տարին անցել է ու էլի ոչ մի հարց չի լուծվում, մենք էլի փողոցում ենք»,- մեզ հետ զրույցում ասել են բողոքի ակցիայի մասնակիցները: Վերջիններիս խոսքերով, շուրջ մեկ տարի է, հրաժարվում են վճարել նաև իրենց վարձավճարները: «Ախր, իրանք էին ասել` գնացեք վարձով ապրեք, մինչև հարցը լուծվի, բայց հմի վարձն էլ չեն տալիս, մեզ բոմժ են սարքել, տնից հանում են, ամեն ամիս էլ գնում ենք ասում ենք` ին՞չ կլինի մեր տան վարձերը տվեք»,- պատմեցին բնակիչները: «Ամբողջ օրը գոռում են` ես էսքան ձայն հավաքեցի, ես սա արեցի, բայց էս ժողովրդի հոգսերը ո՞վ է հոգալու»,- նշում են ակցիայի մասնակիցները:

Նախագահականի դիմաց հավաքաված քաղաքացիները փորձեցին մոտենալ և դիմում հանձնել նախագահի աշխատակազմին, սակայն ոստիկանները արգելեցին: Ի պատասխան` բնակիչները գոռացին` ասելով. «Դե գնացեք Սերժին ասեք, թող Սաշիկից փողերը վերցնի` մեր տները տա»: Իսկ ոստիկանները հայտնեցին, որ իրենք Սաշիկ անունով մարդու չեն ճանաչում:

Բաղրամյան 26-ի դիմաց հավաքված քաղաքացիները նաև Սերժ Սարգսյանից պահանջում են թարգմանել ապահով բառը, քանի որ նրանց խոսքերով ոչ մի ապահով Հայաստան էլ չկա:

Նախորդ հոդվածը‘Ըստ Սերժ Սարգսյանի՝ երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Զինվորը մահացու հրազենային վնասվածք է ստացել’