‘Ոստիկանները փորձում են ցուցարարներին նախագահականից «ողջամիտ» հեռավորության վրա պահել ‘

769

Ես ոստիկաններից շնորհակալություն կհայտնեմ, որ պահպանել են հասարակական կարգը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: «Ես գտնվում են նախագահականի դիմաց, որպեսզի հսկեմ ծառայողների աշխատանքը: Ասեմ նաեւ, որ ծառայությունը շատ ճիշտ է արվում»,- հայտարարեց նա:

Նշենք, որ այս պահին ոստիկանները շրջափակել են ցուցարարներին, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Ըստ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դա արվում է բողոքի ակցիայի մասնակիցներին նախագահականից ողջամիտ հեռավորության վրա պահելու համար:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող մանր եւ միջին ձեռներեցները Կառավարության շենքի մոտից երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր: Քիչ առաջ հազարավոր ցուցարարներ փակել էին Բաղրամյան պողոտան, սակայն րոպեներ անց ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին հեռացնել Բաղրամյան 26-ից դեպի դիմացի մայթ: Ձեռներեցները արդեն մի քանի օր է՝ պահանջում են կասեցնել նոր օրենքը:

Ավելի վաղ ցուցարարներից Արտակ Խաչատրյանը հայտարարել էր, որ այս պահին Գյումրիից Երեւան են ժամանում մի շարք տնտեսվարողներ, սակայն ճանապարհային ոստիկանությունը խոչընդոտում է նրանց տեղաշարժը, ինչի հետեւանքով ավտոբուսներից մեկը պարտադրաբար ետ է ուղարկվել: «Կառավարությունը այս ձեւով փորձում է հանդարտեցնել մեր բողոքի ակցիան, սակայն նման միջոցներով ավելի է սրացնում իրավիճակը»,- ասել էր նա՝ հավելելով, որ իրենք օրենքի տառին հակասող որեւէ գործողություն չեն իրականացնելու:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմը հերքում է. Ադրբեջանը հայկական անօդաչու սարք չի խոցել’