‘Ոստիկանների «հոգատար վերաբերմունքի» պատճառով երիտասարդները հայտնվել են բանտում — ՀՔԱՎ’

919

Ոստիկանների «հոգատար վերաբերմունքի» պատճառով երկու երիտասարդներ բանտում են հայտնվել, — տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

2014 թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, ոստիկանության 3 աշխատակիցներ, ժամը 01:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության մեքենայով, մոտեցել են Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի շենքերից մեկի մոտ կանգնած Վազ 2109 մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած երիտասարդին, ով «անկանոն շարժումներ է կատարում իր մեքենայի մոտ և ուսումնասիրում է մեքենան»: Ոստիկանները ցուցաբերելով ուշադիր և անհանգստացած վերաբերմունք երիտասարդին առաջարկել են ուղեկցել տուն, քանի որ նա, ըստ ոստիկանների, շատ հոգնած է եղել և ալկոհոլ օգտագործած: Սակայն երիտասարդը հայտնել է, որ նա ցանկանում է զբոսնել և ուղեցության կարիք չունի: Սակայն անհանգստացած ոստիկանները պարզելով, որ երիտասարդը նաև իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չունի, որոշել են նրան բերման ենթարկել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: Ինչպես նշվում է հետագայում հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության մեջ «… Ա. Ք.-ին առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու և անձը հաստատող փաստաթղթեր չունենալու պատճառով բերման են ենթարկել…»: Փաստորեն, ճանապարհային ոստիկանները քաղաքացուն կարող են բերման ենթարկել մի կողմից, երբ չեն տեսել և արձանագրել ինչպես է նա ալկոհոլ օգտագործած և առանց փաստաթղթերի մեքենա վարել, մյուս կողմից ՀՀ քաղաքացին այլևս պետք է անձը հաստատող փաստաթղթերով շրջի, որպեսզի նրան ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ոստիկանները բերման չենթարկեն: Այսքանը սակայն, այս դեպքի անհասկանլի մասերի միայն սկիզբն է: Ոստիկանության բաժին տեղափոխելու ճանապարհին Ա. Ք.-ն զանգահարել է ընկերոջը և խնդրել ոստիկանւթյան բաժին բերել իր փաստաթղթերը: Ոստիկանության բաժնում արդեն ոստիկանների և Ա. Ք.-ի ու նրա ընկերոջ՝ Գ. Ա.-ի մասնակցությամբ՝ անհասկանալի պատճառներով և պայմաններում, վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Գ.Ա.-ն հարվածել է հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկին և փախուստի դիմել, սակայն մեկ այլ ոստիկան նրան հետապնդել և բերման է ենթարկել: Այս պատմության անհասկանալի ավարտը նույնպես ապշեցնում է՝ երիտասարդներին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այս հոդվածով մեղադրվողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսպիսով, ոստիկանության աշխատակիցների հոգատարության, հետևողականության և միանման ու բառացիորեն նույն ցուցմունքների պատճառով երկու երիտասարդներ արդեն գրեթե 4 ամիս կալանավորված են և գտնվում են «Վանաձոր» ՔԿՀ-ում, նրանց սպառնում է վերոնշյալ պատիժներից մեկը: Իհարկե բարեփոխումները կարևոր են ոստիկանության համակարգի համար, սակայն դժվար թե այսպիսի բարեփոխումներին հասարակությունը դրական վերաբերվի և հանդուրժող լինի:

Մանրամասները՝ ՀՔԱՎ կայքում

 

 


Նախորդ հոդվածը‘Օբաման սեպտեմբերին կընդունի Ուկրաինայի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի գործով դատաքննությունն ավարտվեց’