‘
«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.
ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ երեկ Կոտայքի մարզում վարժանքներ էին իրականցնում, որոնց նպատակը զանգվածային ցույցերի ժամանակ հատուկ տեխնիկայի և ջրցան մեքենաների կիրառման հմտությունների կատարելագործումն էր:
«ՉԻ» — Թե որքան գումար է ծախսվել այս միջոցառման վրա՝ հայտնի չէ, բայց զորավարժությունների սցենարն ակնհայտորեն սխալ էր գրված: Պետք էր ոչ թե ոստիկանության և «ցուցարանների» բախում բեմադրել, այլ «ընդդիմության առաջնորդի» հետ համատեղ աղոթք: Այդպես ավելի էժան կնստեր, խնայված միջոցներով էլ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությանը մի խելքը գլխին մեքենա կտրամադրեին:
Բայց մի բան, այնուամենայնիվ, ճիշտ էր կազմակերպված. ոստիկանները հարձակվում էին «ազատություն» վանկարկող «ցուցարանների» վրա: Վլադիմիր Գասպարյանն իրավացի է՝ ոստիկանների մոտ պետք է պայմանական ռեֆլեքս մշակել, որ ով գոռա «ազատություն»՝ անկախ իրենցից դուբինկով խփեն գլխին: Իսկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները թող ոստիկաններից հարցազրույց վերցնելիս գլխներին «կասկաներ» դնեն:
‘