‘Ոստիկանությունը հանրահավաքի պատճառով փակել է Լոռու մարզի միջհամայնքային ճանապարհները’

1221

Րաֆֆի Հովհաննիսյանի «բարևի հեղափոխության» թիմը հասավ Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Րաֆֆի Հովհաննիսյանը նախքան հրապարակում ելույթ ունենալը այցելեց քաղաքի գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի ժամանակ զոհված սպիտակցիներին:

«Արի գնանք միտինգ, մենք պետական աշխատող չենք, մեզ գործից չեն հանի»,- ասաց սպիտակցիներից մեկը՝ շտապելով հրապարակ: iLur.am-ի թղթակիցը հետաքրքվեց, թե իսկապե՞ս պետական աշխատողներին կարող են հանել աշխատանքից հանրահավաքին մասնակցելու համար:

«Քիրա ջան, ով տենց տեղ ա աշխատում (նկատի ունի պետական աշխատանքը-խմբ.), ասում են՝ եթե գնաք միտինգ, գործից հանիլ տենք, ժողովուրդն էլ վախում ա, գալիս չի: Մենք էլ էստեղ բան չենք իմանում, ինչ լինում ա, Երևաններում ա լինում»,- ասաց սպիտակցի Հովհաննեսը:
Հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաքված մի քանի հարյուր սպիտակիցներին տեղեկացրեց, որ Վանաձորի միջհամայնքային ճանապարհներին ոստիկանները չեն թույլատրում համայնքի բնակիչներին գնալ Վանաձոր՝ քիչ անց այնտեղ կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար:
Նկատենք, որ Սպիտակի հրապարակում ոստիկանության աշխատակիցները տեսանկարահանում էին հանրահավաքի մասնակցիներին, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց.
«Ինչքան ուզում եք նկարեք, ձեր աշխատանքն է, բայց հետո խղճի խայթ չունենաք»:
Այդ խոսքերին ոստիկանության ներկայացուցիչը բարձրախոսով փորձեց հնչեցնել հայտարարություն, որ հանրահավաքը ապօրինի է, սակայն հավաքվածները լռեցրեցին նրա ձայնը՝ «ամոթ, ամոթ» կոչերով:
«Սա իմ երկիրն է, իմ քաղաքն է, ես հավաք չեմ հրավիրել, սա ժողովրդի արդար կամքն է»,- հայտարարեց Րաֆֆի հովհաննիսյանը՝ մոտենալով ոստիկանության աշխատակցին և պահանջելով չվախեցնել հանրահավաքի մասնակիցներին:
Հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ սուպերմարկետ, կատարեց մի քանի գնումներ և ուղևրովեց դեպի Վանաձոր:

Նախորդ հոդվածը‘5 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Րաֆֆին ընտրված նախագահ է (Ամբողջական ելույթ-տեսանյութ)’