‘Ոստիկանությունը պատասխանել է սփյուռքահայ ներդրողի նամակին ‘

863

Հայաստանում իր հետ տեղի ունեցած խոշոր թալանի մանրամասները բացահայտելու համար ամենատարբեր պետական ատյանների աջակցությանը դիմած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ նամակ էր ուղղել նաև  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:  Այդ մասին հայտնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը: Թեմայի վերաբերյալ  ոստիկանության հասարակայնության հետ  կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնության հարցմանն ի պատասխան նշել էր. «Էդմոն Խուդյանի նամակում նշված՝ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարհաբեկ Քալանթարի և Արտաշես Խաչատրյանի միջև տեղի ունեցած  «միջադեպի» վերաբերյալ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 13.11.2012 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածով  եւ 137 հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը շարունակվում է: Նամակագրի  նշած «Արին Կապիտալ» ՍՊԸ¬ի «թալանի» հետ կապված գործը գտնվում է  ՊԵԿ նախաքննական վարույթում,  և  ոստիկանությունն այդ գործի նկատմամբ որևէ լիազորություն չունի: Նամակագրի դժգոհությունը «Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ  իրականացված խարդախության փաստով հարուցված քրեական գործի» վերաբերյալ, մեղմ ասած, տեղին չէ: Ավելին, ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի  178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի քննությունը կատարվում է քրեադատավարական բոլոր նորմերին համապատասխան ու դեռևս ընթացքի մեջ է»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը նամակով դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում, մասնավորապես, նշվում էր. «Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի  ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ, որ այն ողբերգությամբ չի ավարտվել: Հարկ եմ համարում ձեզ հայտնելու, որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է՝ Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը, հանցավոր համաձայնության գալով, թալանել է իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով՝ զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը»:

Նա նշել էր, որ դեռևս անցյալ տարվա մարտին պաշտոնական նամակներով դիմումներ է ներկայացրել Սերժ Սարգսյանին, Աղվան Հովսեփյանին եւ Վովա Գասպարյանին այն մասին, որ իր ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ ձեռք չեն առնվել:

«Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր՝ ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին, և  այս դեպքը տեղի չէր ունենա, որը, կարծում եմ, դեռևս շարունակվելու է, քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնությանը ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ՝ այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է: Ցավում եմ, որ ոստիկանության բարփոխումներն այնքան էլ նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերևներն» են տանում»,- գրել էր Խուդյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ պետի տեղակալ. «Շատ դժվար է, աշխատում ենք» ‘
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին իմպիչմենտի չի գնա’