‘
«Որոշ զանգվածային լրատվության միջոցներ, հրապարակելով Ռուսաստանի Դաշնության դեսպանության հայտարարությունը օգոստոսի 17-ին դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ այն հակադրել են ՀՀ ոստիկանության՝ օգոստոսի 18-ի հաղորդագրությանը: Իրականում այդ երկու հաղորդագրությունները չեն հակասում իրար», — ասված է այսօր Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Ոստիկանությունը մանրամասնում է. «Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է՝ «Մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»: ՌԴ դեսպանության հայտարարության մեջ նշվում է՝ «Մեր աշխատակիցները ոչ մի կապ չունեն տեղի ունեցածի հետ…», ինչը և բնական է, քանի որ բոլորին է հայտնի, իսկ նրանց, ովքեր տեղյակ չեն՝ ասենք՝ խոսքը դեսպանատան մուտքի մոտ ծառայություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության, ոչ թե դեսպանատան աշխատակիցների մասին է, ինչը մեկ անգամ ևս փաստվում է ՌԴ դեսպանատան հայտարարությամբ»:
«Ինչ վերաբերում է սույն հայտարարության մյուս պնդմանը, թե «տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել և/կամ առարկա (ներ) նետել դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը», ապա նկատենք, որ ոստիկանության հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկա դեսպանատան տարածք «և/կամ առարկա (ներ) նետել»-ու մասին», — ասված է ոստիկանության այսօրվա հաղորդագրությունում:
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ արտգործնախարարության միջոցով դիմել է Ռուսաստանի դեսպանությանը հիշյալ միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, «սակայն տեսագրությունները դեռ չեն տրամադրվել…»:
Նշենք սակայն, որ դեպանության հայտարարության մեջ հստակ նշվում է. «Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը»։
Իսկ ոտիկանության հայտարարության մեջ ասված էր «Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք…»: Այժմ ոստիկանությունը պնդում է, որ երկու հայտարարություններն իրար չեն հակասում և ընթերցողների ուշադրությունը շեղում է առարկաներ նետելու և դեսպանության աշխատակից, ԱԱԾ աշխատակիցների վրա: Իսկ իրականում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ մարդիկ ոստիկանություն բերման են ենթարկվել միայն նրա համար, որ գտնվել են ՌԴ դեսպանատան մոտ:
‘