‘
Իշխանությունները շարունակում են տարատեսակ ճնշումներ գորածդրել ընդդիմադիր պայքարի դուրս եկած ազատամարտիկների նկատմամբ: Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ Սամո) այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ նախօրեին իրեն առանց պատշաճ ծանուցման հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն եւ տեղեկացրել են, որ նա որպես վկա ներգրավված է դեռեւս 2011-ին սնանկ ճանաչված մի ՍՊԸ-ի վերաբերյալ վերաբացված գործի շրջանակներում: Ընդ որում, ըստ Հովսեփյանի՝ ինքն այդ ՍՊԸ-ի հետ որեւէ առնչություն չունի:
«Ես այդ ՍՊԸ-ի հետ այնքան կապ ունեմ, որքան որեւէ իշխանավոր կարող էր ունենալ», — ասաց նա: Ազատամարտիկի խոսքով, իշխանությունները փորձում են «ձվի մեջ մազ գտնել» եւ նաեւ այս ճանապարհով հետ պահել Ազատամարտիկների դաշինքի անդամներին հանրային պայքարից:
Ասուլիսին մասնակից Դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ ազատամարտիկները պատրաստ են ցանկացած օրինական միջոցով, քաղաքական եւ քաղաքացիական ուժերի հետ համագործակցելով հասնել իշխանափոխության:
«Մեղադրանքեր են հնչում, թե ինչ կապ ունի ազատամարտիկը քաղաքականության հետ: Մենք ասում ենք, որ ազատամարտիկը նույնպես քաղաքացի է, ժողովրդի մի մասը, որը 88-ին համախմբվեց եւ գնաց Արցախ: Մենք կամուրջ են հանդիսանում հասարակության տարբեր հատվածների եւ քաղաքական ուժերի միջեւ: Այժմ էլ մեզ ցավ է պատճառում երկրի տնտեսական վիճակը», — նշեց Պետրոսյանը:
Անդրադառնալով փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայտնի հայտարարություններին եւ հասարակության արձագանքին՝ Պետրոսյանը նշեց, որ ազատամարտիկները միանում են Երանոսյանի հրաժարականի՝ ընդդիմության հնչեցրած պահանջին, քանի որ վստահ են, որ նրա՝ իշխանության մեջ մնալը դեմ է ՀՀ պետական շահին:
Դաշինքի անդամ գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն իր հերթին նշեց, որ ազատամարտիկները աջակցելու են ընդվզող հասարակությանը՝ ձեւավորելու սեփական իշխանությունը: Նրա խոսքով,ազտամարտիկները որպես նախագահ կընդունեն յուրաքանչյուր մարդու, ով կստանա ժողովրդի քվեն արդար ընտրությունների միջոցով:
Ազատամարտիկները տեղեկացրին նաեւ, որ Դաշինքի պաշտոնական Azatamart.am կայքը կսկսի գործել գալիք հունվարից:
‘