‘Ոստիկանությունն ավելի ու ավելի է խճճվում Գյումրու հետ կապված իր «պարզաբանումներում»’

990

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել հունվարի 18-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ, ըստ հրապարակված տեղեկությունների, Գյումրիի փողոցներից մեկում ռուսաստանցի երկու զինվորական վիճաբանել են քաղաքացիների հետ, նույնիսկ քաշքշոց է առաջացել: Այնուհետև զինծառայողները դեպքի վայրից հեռացվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց տեղեկատվությունը, սակայն միջադեպի ականատեսները սոցիալական ցանցերում նույնիսկ լուսանկարներ են հրապարակել: Այսօր արդեն ոստիկանությունը մասամբ հերքել է սեփական հերքումը՝ նշելով, որ ԶԼՄ-ներւոմ տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանության Գյումրիի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի երկու ծառայողներ այդ օրը ծառայություն կատարելու ընթացքում Գյումրի քաղաքի Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում նկատել են տեղացիների հետ զրուցող երկու ռուս սպաների:

Ըստ ոստիկանության պարզաբանման, ոստիկանները մոտեցել են, ներկայացել և հետաքրքրվել, թե չկա՞, արդյոք, որևէ խնդիր: Սպաները և քաղաքացիները հայտնել են, որ ոչ մի խնդիր չկա և չի եղել, իրենք պարզապես զրուցում են: Ոստիկանները սպաներին առաջարկել են ուղեկցել բնակության վայր: Սպաները համաձայնել են, և ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենայով նրանց ուղեկցել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի դաշնային ջոկատ:
«Վերը նշվածի վերաբերյալ չի զեկուցվել, քանի որ որևէ միջադեպ չի եղել, և կատարվածը կարևորություն չի ներկայացրել», — ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ:

Այս «պարզաբանումն» իրականում ավելի է խճճում պատմությունը, որովհետեւ, նախ, ոստիկանությունը հերքեց որեւէ միջադեպի մասին տեղեկատվությունը, այնուհետեւ, ականատեսների վկայությունից հետո ստիպված եղավ խոստովանել, որ միջադեպ, այնուամենայնիվ, եղել է, միեւնույն ժամանակ, «պարզաբանման» ,մեջ այդպես էլ չի նշվում, թե որն էր պատճառը, որ ոստիկանական պարեկը ռուս զինվորականներին առաջարկել է ուղեկցել դեպի բնակության վայր: Մյուս կողմից, ականատեսները վկայում են, որ զինվորականներն ամենեւին էլ հոժարակամ չեն նստել ոստիկանության մեքենա, նրանց փաստացի հարկադրաբար նստեցրել են: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Գոնե այս պահին փակե՛ք ձեր հավատաքննիչի բերանը, բավակա՛ն է’
Հաջորդ հոդվածը‘Փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց’