‘
Ոստիկանությունն ուսումնասիրում է երեկ iLur.am-ի հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը մահակով հարվածում ովտոբուսին, հայհոյում վարորդին ու խոչընդոտում մեր լրագրողի աշխատանքը: Այս մասին iLur.am-ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին, թե հնարավոր է, որ այդ ոստիկանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվի. Մալխասյանն ասաց, թե արդեն պատասխանեց մեր հարցին:
Ինչ վերաբերում է նրան, որ երեկ բազմաթիվ լրատվամիջոցներում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնություն կիրառում ցույցի մասնակիցների նկատմամբ, հայհոյում նրանց, Արմեն Մալխասյանն ասաց, որ դրա վերաբերյալ ոստիկանության կայքում պարզաբանում կա, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց կայքում սրա վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել:
‘