‘Ոստիկանություն. Ընտրողը որպես հուշ է լուսանկարել քվեաթերթիկը’

1659

Ոստիկանության Արարատի բաժնում` նոյեմբերի 10-ին, ժամը 08.15-ին 18/07 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ահազանգ է ստացվել, որ իրեն է դիմել հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ 1973 թ. ծնված Վարուժան Ղուլյանը քվեաթերթիկ է նկարահանել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Ղուլյանը բացատրություն է տվել, որ օրենքով սահմանված կարգով ընտրատարածք մտնելուց և քվեաթերթիկ ստանալուց հետո մտել է ընտրախցիկ և կատարել իր ընտրությունը: Այնուհետև իր ցանկությամբ, որպես հուշ պահելու նպատակով, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսով նկարահանել է արդեն լրացված քվեաթերթիկը, ապա դրել է ծրարի մեջ: Երբ դուրս գալով ընտրախցից, ցանկացել է մոտենալ քվեատուփին, իրեն է մտոցել անծանոթ մի քաղաքացի, հարցրել, թե ինչու է նկարահանել, այնուհետև իր ձեռքից վերցնելով հեռախոսն ու քվեաթերթիկը պարունակող ծրարը` բացել է, քվեաթերթիկը ցուցադրել բոլոր ներկաներին և հայտարարելով, թե քվեաթերթիկն անվավեր է` պատռել է այն: Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Նոյեմբերի 10-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում Նաիրա Զոհրաբյանից ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցում ոմն Նորիկ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ ընտրակաշառք է բաժանում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Նորիկը Ավշար գյուղի բնակիչ, 1954 թ. ծնված Նորիկ Սարգսյանն է: Կատարված ստուգումներով պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

Նույն օրը, ժամը 10.30-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչ ոմն Մամիկոն թիվ 18/03 ընտրատեղամասի հարակից տարածքում քաղաքացիներին գրիչներ է բաժանում, որ նրանք նշված գրիչներով մտնեն քվեարկության:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ Մամիկոնը Արարատ քաղաքի բնակիչ, 1964 թ. ծնված Մամիկոն Ջավադյանն է: Պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

Նույն օրը, ժամը 10.50-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչ Շտանգիստ Ռուբիկն իր «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենայով շրջում է ընտրատեղամասերին հարող տարածքներում և քաղաքացիներին գումար բաժանում:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ Շտանգիստ Ռուբիկը Արարատ քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Ռուբիկ Ալեքսանյանն է: Կատարված ստուգումներով պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ցանկացած ընտրություն, որտեղ հաղթում է ժողովրդի քվեն, շատ կարևոր է երկրի ապագայի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Բերման են ենթարկել ԱՐՏլաբի տղաներին’