‘Ոստիկանություն. Հենրիկ Նավասարդյանի որդու ավտոմեքենայում թմրանյութ է հայտնաբերվել’

1149

Ոստիկանությունը հետաքննություն է վարում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու` Դավիթ Նավասարդյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 11-ին, ժամը 14.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է: 

«Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Նավասարդյանը և նրան պատկանող «Պորշ Կայեն»   մակնիշի ավտոմեքենան, ինչպես  և ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող  տոնավաճառում Դավիթ Նավասարդյանը վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ  Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Նավասարդյանին և պատճառել վնասվածքներ: Դավիթ Նավասարդյանին պատկանող «Պորշ Կայեն»  մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է   դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ, և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված: Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ  Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն», — տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

Նշենք, որ Հենրիկ Նավասարդյանի որդին ոստիկանական քրոնիկայի ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաեւ նախորդ սեպտեմբերին: Սեպտեմբերի 2-ի գիշերը Նավասարդյանն իր «Պորշեով կանգնել է Երեւանի քաղաապետարանի դիմաց, թքել եւ հայհոյախառն վիրավորանքներ է հասցրել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց (որոնք պահանջում էին Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը), որից հետո հեռացել է: Քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկանները պարզել են, որ Նավասարդյանի մեքենան վարող Շողիկ Քարամյանը վարորդական իրավունքի վկայական չունի, երկուսն էլ գտնվել են անսթափ վիճակում:   

Դավիթ Նավասարդյանն ավելի վաղ աչքի էր ընկել ամռանը տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ, երբ հարձակվել էր «վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստների վրա եւ հայհոյանքներ հասցրել նրա հասցեին: Դա նույն ժամանակահատվածն էր, երբ Դավիթի հայրը` տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, iLur.am-ի թղթակցի հարցերին «պաշտպանվում էր» հայհոյանքներ հնչեցնելով, հետագայում արդարանալով, թե ընդամենն ասել է` «գնա ես քու ներվերը չունեմ»:

Դավիթ Նավասարդյանը զբաղվում է հանրային տրանսպորտի վրա գովազդ տեղադրելու բիզնեսով:  

Նախորդ հոդվածը‘«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմը՝ Ազգային կինոմրցանակի դափնեկիր. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մեկ շաբաթ առաջ զորակոչված զինվորին դաժան ծեծի են ենթարկել. Shamshyan.com’