‘Ոստիկանություն . Փողոցները կարող են փակվել միայն Վ.Պուտինի համար’

833

ՀՀ ոստիկանությունը այսօր բացի նրանից,  որ աչքի է ընկել Վ.Պուտինի այցի դեմ բողոքող քաղաքացիների երթը խոչընդոտելով, նաև ամեն ժամ հայտարարություններ է տարածում:  Մեր խմբագրությունը ևս մեկ հաղորդագրություն է ստացել ոստիկանությունից, որտեղ մասնավորապես ասվում է, որ ՀՀ ոստիկանությունը նախապես հայտարարել էր դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելու, որոշ փողոցների՝ ժամանակավորապես փակ լինելու մասին: Այդ կապակցությամբ, Երևան քաղաքի մյուս փողոցներն արդեն իսկ գերծանրաբեռնված են և դրանք երթի մասնակիցների կողմից լրացուցիչ ծանրաբեռնելը կարող է խոչընդոտել այլ անձանց տեղաշարժի իրավունքի իրացմանը:

Ըստ էության, ոստիկանության հայտարարությունից բխում է, որ փողոցները փակ կարող են լինել միայն Պուտինի այցի հետ կապված, իսկ ՀՀ քաղաքացիների երթը չի կարող փողոցների գերծանրաբեռնվածության կամ փակման պատճառ լինել:

Նշենք նաև, որ ոստիկանության նախապես  հայտարարած երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելը վերաբերում էր ժամը 7.00-ից — 10.30-ի հատվածին:

Ոստիկանության հայտարարությունը ստորև.

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ Նախագահի այցելության կապակցությամբ  իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի և պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ:

ՀՀ ոստիկանությունը նախապես հայտարարել էր դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելու, որոշ փողոցների՝ ժամանակավորապես փակ լինելու մասին: Այդ կապակցությամբ, Երևան քաղաքի մյուս փողոցներն արդեն իսկ գերծանրաբեռնված են, և դրանք երթի մասնակիցների կողմից լրացուցիչ ծանրաբեռնելը կարող է խոչընդոտել այլ անձանց տեղաշարժի իրավունքի իրացմանը:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ:

Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիների վարքագիծը հիմք կհանդիսանա ՀՀ ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Երթի ընթացքում իրավախախտումներ կատարող անձինք կմեկուսացվեն և վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով կբերվեն ՀՀ ոստիկանություն:

Կրկին անգամ հորդորում ենք հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով տեղաշարժվելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես նաև համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովի մոտից բերման են ենթարկել 10-ից ավելի քաղաքացիների’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողի դեմ իրականացված բռնության առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն’