‘Ոստիկան դառնալու գաղտնիքը. Մամուլ’

1198

«Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի բացօթյա ասուլիսի ժամանակ «ՀԺ» թղթակիցը նկատել է, որ ոստիկանական համազգեստով մի երիտասարդ ուշադիր լսում է բանախոսին և գրառումներ կատարում իր նոթատետրում: Ճիշտ այնպես, ինչպես անում էին ասուլիսին ներկա մյուս բոլոր լրագրողները: Այլ կերպ ասած` ոստիկանության աշխատակիցը նաև լրագրող էր: Մեր ոստիկանության այսպիսի բազմապրոֆիլությունը ուղղակի զարմացնում է: Ինչով ասես, որ մեր ոստիկանները չեն զբաղվում: Նրանք քաղաքացիական հագուստներով, տեսախցիկները ձեռքերին մտնում են մարդկանց մեջ ու նկարահանումներ են անում, այսինքն նաև օպերատորներ են: Նրանք քաղաքացիական հագուստներով գալիս են հանրահավաքների ու դառնում հանրահավաքի շարքային մասնակիցներ: Անհրաժեշտության դեպքում նրանք քաղաքացիական հագուստներով մտնում են հանրահավաքի մասնակիցների մեջ ու պրովոկացիա սարքում, այսինքն դառնում են շարքային խուլիգաններ: Երբ մարդ է պետք նստացնել, նրանք ասում են, թե իրենց ծեծել են ու իրենք դառնում են շարքային տուժողներ: Երբ պետք է մարդու նկատմամբ չեղած մեղադրանք սարքել, նրանք դառնում են շարքային վկաներ: Մի քանի շաբաթ առաջ Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության պետ Կարեն Գրիգորյանը թերթի թղթակցին ներկայացել էր որպես Աշոտ Գալստյան անուն ազգանունով բիզնեսմեն, այսինքն նրանք նաև շարքային գործարարներ են…: Մի խոսքով, ինչ ուզես: Միայն մի բան այնքան էլ լավ չի ստացվում: Երբ պետք է, որ նրանք դառնան ոստիկան, չափազանց կեղծ է ստացվում, կարելի է ասել ընդհանրապես չի ստացվում: Եթե ոստիկանները փորձեն կեղծ լրագրող, օպերատոր, տուժող, վկա, բիզնեսմեն չխաղալ, գուցե այդ ժամանակ դառնան ոստիկան: Փորձեք, գուցե ստացվի»:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիա — Իսպանիա. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’