‘Ովքե՞ր են բռնություն գործադրել Մայդանում’

665

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը նոյեմբերի 30-ին Եվրամայդանը բռնությամբ ցրելու հետ կապված՝ իրեն և իր տեղակալ Վլադիմիր Սիվկովիչին ուղղված մեղադրանքներն անվանել է «քաղաքական դրամատուրգիա»: Այդ մասին նա հայտարարել է գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:  Կլյուևը նաև նշել է, թե «որոշ քաղաքական գործիչներ ջանում են ինձ մեղադրել, ինչ-որ կերպ կապել այդ հարցին, քանի որ քաղաքական շահ ունեն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Ուկրաինան չստորոգրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի գիշերը, ժամը 4.30-ին, «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները դաժանաբար ցրեցին Մայդանի ցույցը: Հաղորդվեց, որ վիրավորվել է 35, և ձերբակալվել 35 մարդ: Եվրամայդանը ցրելու տեսարանները ցնցեցին ուկաինացիներին և համաշխարհային հանրությանը, և վրդովված ուկրաինացիները նոյեմբերի 30-ից սկսեցին հավաքվել Կիևի Անկախության հրապարակում:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 14-ին հաղորդեց Վլադիմիր Սիվկովիչի, Կիևի քաղաքային պետադմինիստրացիայի ղեկավար Ալեքսանդր Պոպովի, մայրաքաղաքի միլիցիայի նախկին պետ Վալերի Կորյակի և նրա տեղակալ Պյոտր Ֆեդչուկի կողմից ծառայողական լիազորությունները գերազանցելու կասկածանքի մասին: Հաղորդագրության համաձայն՝  դեկտեմբերի 13-ին Պոպովը ցուցմունք է տվել նոյեմբերի 30-ի գիշերը իր կատարած գործողությունների մասին, և հաջորդ օրը Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը նրան  և թվարկված մյուս երեք հոգուն պաշտոնանկ է արել: Իր ցուցմունքում Պոպովը պատմել է, որ այդ գիշեր Անդրեյ Կլյուևից հրաման է ստացել ենթարկվել Սիվկովիչի հրահանգներին: Սիվկովիչը հերքում է դա:

Ուկրաինական ընդդիմությունը ևս պնդում է նոյեմբերի 30-ի դեպքերի համար պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին, փոխանցում է podrobnosti-ն: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը 30 հզր եվրո կհատկացնի Արմեն Մազմանյանի և Լևոն Խեչոյանի բուժմանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2013-ը եզրափակում է նոր մարզչով՝ ՖԻՖԱ-ի վարկանիշում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը’