‘Որո՞նք են Գվարդիոլայի և Ռոսելի բախման իրական պատճառները’

1534

Անցյալ շաբաթ ամբողջ ֆուտբոլային հասարակությունը շոկի մեջ էր՝ միշտ համեստ և հաշվենկատ մարդու՝ Պեպ Գվարդիոլայի՝ իր հարազատ Բարսայի ղեկավարության հասցեին արած հայտարարություններից հետո:

Իտալիայում Գվարդիոլան նախ հերքեց տեղացի լրագրողի այն պնդումը՝  իբրև ինքը Նեյմարին փորձել է համոզել տեղափոխվել «Բավարիա», քանի որ Վիլանովան նրան չի կարողանա ճիշտ օգտագործել Մեսսիի կողքին, որից հետո անցավ Սանդրո Ռոսելի հասցեին մեղադրանքների: Ըստ այդմ «Ռոսելը նրան հանգիստ չի թողել նույնսիկ 6000 կմ հեռավորության վրա և փորձել է օգտագործել Վիլանովայի առողջական խնդիրները իր վրա ճնշում գործադրելու և ակումբ վերադարձնելու փորձ ձեռնարկելու համար»:

Խոսակցությունները այն մասին, որ Գվարդիոլայի և Ռոսելի հարաբերությունները լարված են, սկսել էին դեռ Պեպի հրաժեշտի օրվանից: Դրանց գլխավոր պատճառը համարվում էր այն, որ Բարսայի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան, առանց Պեպին տեղյակ պահելու, պայմանավորվածության էր հասել այն ժամանակ դեռ Պեպի օգնական Տիտո Վիլանովայի հետ՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հարցում: Շատերը՝ հիմնականում Ռոսելի կողմնակիցները, պնդում էին որ Վիլանովայի նշանակումը այստեղ որևէ լուրջ նշանակություն չունի և պատճառը ուղղակի այն է, որ Գվարդիոլան համարվում է «Լապորտայի կլանի» մարդ և պարզապես օգտագործում է իր հեղինակությունը Ռոսելին հեղինակազրկելու համար: Հիշեցնենք, որ Սանդրո Ռոսելը Լապորտայի մոտ ընկերն էր և 2003-ին զբաղեցնում էր Բարսայի փոխնախագահի պաշտոնը և այդ ժամանակ հենց նա էր համարվում Ռոնալդինյոյի տրանսֆերի գլխավոր «մեղավորը»՝ իր բրազիլիայում կապերի և նաև այն պատճառով, որ նախկինում հանդիսանում էր  «Նայք» ընկերության Հարավային Ամերիկայում գործադիր տնօրեններից մեկը: 

«Իրականում Պեպը Լապորտայի մարդն է» տեսակետն արտահայտողների կարծիքով, խնդիրը սկիզբ է առել 2010-ի ամառը, երբ Լապորտային փոխարինած Սանրո Ռոսելը որոշեց ակումբի պատվավոր նախագահի պաշտոնից հեռացնել ևս մեկ «Լապորտայի կլանի» անձնավորության՝ Գվարդիոլայի փիլիսոփայության նախահայր համարվող՝ Յոհան Կրույֆին: Իրականում, ակումբի կանոնադրության մեջ դա ամրագրված պաշտոն չէր, այլ պարզապես նախորդ ղեկավարության կողմից մտածված այնպիսի հարթակ էր, որը թույլ էր տալիս Կրույֆին ավելի մոտ գտնվել ակումբին՝ իր խորհուրրդներով և իմաստությամբ: Գվարդիոլան այդ ժամանակ որևէ հայտարարություն չարեց, բայց միևնույն է՝ Ռոսելի կողմից շատ վատ սկիզբ էր համարում Կրույֆից հրաժարվելը և մարզչական աշխատանքից դուրս շարունակում էր լավ հարաբերություններ պահպանել Ժոան Լապորտայի ակումբի նախկին ղեկավար կազմի հետ, ինչը չէր կարող չնյարդայնացնել Ռոսելին, ով որոշեց էլ ավելի խորացնել հակամարտությունը: Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ակումբի առաջին ֆինանսական հաշվետվությունից հետո Սանդրոն հայտարարեց, որ Լապորտային և իր վարչախմբին դատի է տալու Բարսայի կարողությունները յուրացնելու համար: Խնդիրը դատարան չհասավ միայն Կատալոնիայի ինքնավար մարզի նախկին նախագահների և այլ ազդեցիկ կատալոնացիների շնորհիվ, ովքեր պնդում էին որ «այս ամենը վնասելու է առաջին հերթին հենց Բարսային»:

Այս ամենը իրոք վնասում էր Բարսային և նաև Գվարդիոլային: Պեպը «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո մամլո ասուլիսում պաշտպանեց Լապորտային: Որոշ աղբյուրների պնդմամբ, Պեպը այդ ժամանակ Ռոսելից պահանջեց դադարեցնել Լապորտայի նկատմամբ հետապնդումը՝ այլապես սպառնալով հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից:

Ռոսելի հետ միասին առաջին աշխատանքային մրցաշրջանում Բարսան հաղթեց՝ և՛ ներքին առաջնությունում, և՛ Չեմպիոնների լիգայում: Եվ Գվարդիոլան, ում միշտ հետաքրքրել են նոր մարտահրավերները, որոշեց շարունակել աշխատել այն խաղացողների հետ, ովքեր արդեն իսկ «կուշտ են տիտղոսներից»:

Սակայն Բարսայում անցկացրած վերջին մրցաշրջանը հագեցած էր այլ խնիրներով: Գվարդիոլային արդեն հունից հանում էր Մոուրինյոյի անդադար հարձակումները, որոնցից Պեպի կարծիքով ակումբը նրան բավավար հրապարակային չէր պաշտպանում և չէր աջակցում: Բացի դրանից, Գվարդիոլան համարում էր, որ մրցավարները օգնում են «սերուցքայիններին» և վնասում Բարսային: Այս հարցում ևս չզգալով ակումբի աջակցությունը՝ Պեպը, երբ արդեն պարզ էր «Լա Լիգայում» հաղթանակի անհնարին լինելը, հայտարարեց՝ «Այս մրցաշրջանում բազմաթիվ անհասկանալի երևույթներ տեղի ունեցան, որոնց մասին մենք լռեցինք»:

Իսկ հեռանալիս, ինչպես արդեն նշեցինք, Գվարդիոլային, իր իսկ խոսքերով «հարվածեցին թիկունքից»՝ հայտարարելով իր փոխարինողի անունը, ով իր կարծիքով շարունակելու էր հետագայում լինել իր օգնականը որևէ այլ ակումբում:

Նյութը պատրաստված է կատալոնական «Սպորտ» օրաթերթի վերջին տարվա ընթացքում տարբեր հրապարակումներից

Հ.Գ. Կատալոնական մամուլում վերջին օրերին ոչ ուղղիղ տեքստով, բայց շրջանառվում է նաև այն տեսակետը, որ Գվարդիոլան այս ամենը կազմակերպեց, որպեսզի հնարավորինս նվազեցնի Տյագո Ալկանտարայի «Բավարիա» տեղափոխության շուրջ աղմուկը, ինչը կարող է ընկալվել որպես վնաս Բարսային. երևույթ, որը ինքը՝ Գվարդիոլան խոստացել էր երբեք չանել: Այսօր արդեն «Մունդո Դեպորտիվոն» լույս տեսավ «Պեպը տարավ Տյագոյին» վերտառությամբ: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը անկարող եղավ բացահայտել հանցագործությունը. 20 տարի առաջ գողացած անվադողը չէր’
Հաջորդ հոդվածը‘Օրվա «Ցիտատ». Շմայս. Մինչև արյանս վերջին կաթիլը’