Որպես շնորհավորանք՝ պատմական փաստերի արձանագրում Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առիթով. Աշոտ Սարգսյան

619

Ժողովուրդների անցյալն ուսումնասիրող պատմագիտությունը ԴԱՐԱՇՐՋԱՆ բառով է բնորոշում այն ժամանակաշրջանները, որոնք իրենց որակական հատկանիշներով եւ քաղաքական արդյունքներով կտրուկ առանձնանում են նախորդ շրջանից, պայմանավորում պատմության հետագա ընթացքը։ Եւ դա՝ ինչպես ընդհանուր, համաշխարհային պատմության մակարդակում, այնպես էլ՝ առանձին ժողովուրդների ազգային պատմությունների։

Դարաշրջանները, որպես կանոն, կոչվում են նաեւ դրանցում առանցքային դեր խաղացած գործիչների անունով։

Հայոց պատմության մեջ 1988-ի Ղարաբաղյան շարժմամբ սկիզբ առած տասնամյակն իր որակական հատկանիշներով՝ քաղաքական մտքի ու գործելակերպի դրսեւորումներով եւ առարկայացած արդյունքներով առանձնանում էր վերջին ավելի քան կես հազարամյակում հայ հասարակության մեջ արմատավորված պատկերացումներից ու քաղաքական պատասխանատուների գործելակերպից։ Այն տրամագծորեն հակադրվում էր հատկապես ավանդական այդ հիմքի վրա 20-րդ դարում կրոնական աղանդի աստիճանի հասցված, հակաքաղաքական, ու դրանով իսկ աղետաբեր, այսպես կոչված, հայդատական կարծրատիպերին ու պրակտիկային։ Եւ դա Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման դեմ գաղափարական պայքարի հիմնական ճակատն էր ի սկզբանե։ Գաղափարական այդ պաքարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջինն էր՝ դեռ 1989 թ. հունիսի 24-ի հրապարակային առաջին ելույթով՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Նա այդ պայքարի առաջամարտիկն ու հիմնական կրողը մնաց նաեւ իր իշխանության տարիներին եւ հետագայում։ Հենց դրանով էլ նա է եղել հայդատականության մշտական ու հիմնական թիրախը։

1988-ին ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ սկսված հայկական համաժողովրդական շարժումը, Արցախի անվտանգությունն ապահովելու խնդրից զատ, դառնալու է նաեւ համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող կարեւոր գործոն՝ ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ ավարտը 1991-ի վերջին։ Որպես «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային ադամներից մեկը, առաջին երկու տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ գործընթացի դերակատարներից էր, հաջորդ երկու տարիներին, որպես Հայաստանի առաջնորդ՝ կայսրության անվտանգ կազմաքանդման ճանաչված ճարտարապետներից ու գործիչներից։

1990-1991-ին ոչ մեկը չէր կարող երազել այն արդյունքը, որ Հայաստանը, անհաղթահարելի թվացող մարտահրավերների հանդիման ու ամենասուղ ռեսուրսներով, պարտադրված պատերազմում կարող է հասնել հաղթական այն արդյունքներին, որոնք ռազմի դաշտում եւ դիվանագիտական ճակատում առարկայացան մի քանի անգամ հզոր հակառակորդի դեմ՝ ապահովելով Արցախի անվտանգության եւ ապագայի համար հնարավոր առավելագույն ռազմական եւ դիվանագիտական երաշխիքները։ Հայաստանի Հանրապետության նախագահն էր զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարը եւ դիվանագիտական ճակատի ղեկավարը։

Քաղաքագետի, պետականագետի համար դժվար պիտի լիներ պատկերացնել, որ փաստական պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, ի հեճուկս հայտնի կանոնների եւ պրակտիկայի, միաժամանակ կարելի կլինի իրականացնել ամենաարմատական ժողովրդավարական բարեփոխումներ, նույնպիսի համակարգային վերափոխումներ՝ հետխորհրդային նորանկախ պետությունների մեջ այդ ասպարեզում պահպանելով առաջատարի դիրքերը։ Դա տեղի ունեցավ Առաջին նախագահի ու նրա առաջնորդած ուժի՝ Հայոց Համազգային Շարժման իշխանության տարիներին։

Ընդամենը մեկ տասնամյակ՝ 1988-1998. իր որակական հատկանիշներով եւ գրանցած քաղաքական արդյունքներով դժվար է զուգակշիռ մի այլ տասնամյակ գտնել Հայոց պատմության առնվազն վերջին հազարամյակի պատմության մեջ։

Որպես այդպիսին այն մեր պատմության բարձրակետերից է, պատմական ԴԱՐԱՇՐՋԱՆԻ կշիռ ունի եւ արժանիորեն կարող է կոչվել իր առանցքային դերակատարի՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունով։

***

1998 թ. դավադիր պետական հեղաշրջմամբ չի ավարտվել այդ դարաշրջանը։

Դրա առհավատչյան էր 2008 թվականի նախագահական ընտրությունների առիթով Առաջին նախագահի շուրջ ծավալված, առաջինին որեւէ պարամետրով չզիջող՝ երկրորդ հուժկու համաժողովրդական շարժումը։

Դրա հավաստիքն է քաղաքական նույն սկզբունքներն ու արժեհամակարգը դավանողների մշտական գոյությունը եւ վերջին տարիներին տարածումը՝ հատկապես երիտասարդության մեջ։

Որքան էլ պարադոքսալ՝ դրա հաստատումն է ամբողջ երկուսուկես տասնամյակ նրա վաստակն անտեսելուն ու ոչնչացնելուն միտված, նրա դեմ երբեք չդադարած ու առ այսօր շարունակվող իշխանական վարկաբեկիչ քարոզչական արշավը։

Եւ վերջապես, առկա են Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահի գործունեությամբ արձանագրված քաղաքական արդյունքների փորձը, նրա պետականագիտական, քաղաքագիտական ահռելի ու անշրջանցելի ժառանգությունը՝ որպես կողմնորոշիչ եւ ուղեցույց հիմք՝ վերականգնելու համար իրական քաղաքական մթնոլորտը, վերջնականապես ազատվելու համար արկածախնդրությունից, քաղաքականությունը բիզնեսի վերածելու ազգակործան հանցավորությունից եւ վերադառնալու ԴԱՐԱՇՐՋԱՆ կազմող 1990-ականների քաղաքական արժեհամակարգին եւ պետականության հիմնադրույթներին։

Նախորդ հոդվածըԱրամ Աբրահամյան. Պատմություն սովորելու օգուտները. «Առավոտ»
Հաջորդ հոդվածըՇնորհավորում եմ, պարոն Նախագահ. Ռաֆայել Թեյմուրազյան