‘
Մի հայտնի անեկդոտ կա. վարձու մարդասպանը շքամուտքում սպասում է «զոհին», որը, սակայն, համառորեն ուշանում է: Մի երկու ժամ անց քիլլերը սկսում է անհանգստանալ. «Տեսնես՝ ինչի՞ է ուշանում, բան պատահած չլինի՞»:
Այս իրավիճակն է այժմ հիշեցնում հասարակության արձագանքն առ այն, թե որտե՞ղ է կորել Սերժ Սարգսյանը: Հուլիսի 22-ին մեկնել է արձակուրդ, որը, կարծես թե՝ արդեն քանի օր է՝ ավարտվել է, սակայն ոչ ինքը կա, ոչ էլ իրենից՝ լուր-խաբար:
Թող ինձ ներեն ընթերցողներն այս անեկդոտի համար, բայց նպատակս ո՛չ թե հասարակությանը քիլլերի հետ համեմատելն էր, այլ բուն իրավիճակը: Բանն այն է, որ դեռ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, 2013-ի ընտրություններն էլ՝ վրադիր, հանրությունը այդպես էլ չի ընդունում Սարգսյանի լեգիտիմությունը, չի ընկալում նրան՝ որպես առաջնորդ կամ նախագահ: «Սերժիկ, հեռացիր»-ը դարձել է Սարգսյանի իշխանության ամենաճշգրիտ բնորոշիչներից մեկը: Ընդ որում՝ այժմ իրավիճակն այնպիսին է, որ Սարգսյանի հեռացումը ցանկանում են անգամ նրանք, ովքեր ժամանակին աջակցել են իրեն կամ լոյալություն են պահպանել՝ «մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի» ոճի մեջ:
Բայց հիմա, երբ Սարգսյանը ակնհայտորեն անհետացել է տեսադաշտից, երբ իշխանության որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չի կարողանում հստակ պատասխանել այն հարցին, թե, ի վերջո, որտե՞ղ է իրենց շեֆը, հարցն ավելի շատ է սկսել հուզել հանրությանը, հատկապես՝ հանրության ակտիվ հատվածին:
Բայց խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ հանրությունը հանկարծ սկսել է «դարդ անել» Սարգսյանի որպիսության համար, «բան պատահած չլինի»-ի ոճի հարցադրումները ամենեւին էլ նրանից չեն, որ հանրության ուշքը գնում է Սերժ Սարգսյանի համար: Խնդիրը ավելի խորն է: Հանրությանը Սարգսյանի կասկածելի բացակայության հարցը հետաքրքրում է ընդամենը մեկ, կոնկրետ մեկ հարցի շրջանակներում. հանրությունն ինքը հաշիվ է պահանջում Սարգսյանից, 2008-ից ի վեր՝ ընդդիմությունը, հանրության ակտիվ շերտերը պայքարում են Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար, մարտիմեկյան սպանդը, կեղծված ընտրությունները, քաղաքական եւ տնտեսական հետապնդումներն այնպես են «մինչև կոկորդը» լցրել համբերության բաժակը, որ ժողովուրդը Սարգսյանի հեռացման հարցը հենց ի՛ր ձեռքով իրականացնելու մեջ է տեսնում: Հենց այդ է պատճառը, որ հանրության շրջանում հարցադրումներ են առաջացել՝ «էս ինչի՞ է այսքան երկար բացակայում, հո բան չի՞ պատահել», ասել կուզի՝ «հո ճակատագիրը մեզանից առաջ չի՞ ընկել, հո ճակատագիրը մեր փոխարեն Սարգսյանի հետ հաշիվ չի՞ մաքրել»:
Իսկ իրականում՝ Սարգսյանի բացակայությունները, արձակուրդները խիստ գաղտնի պահելու՝ իշխանական վերնախավի այս ջանքերն անհասկանալի են: Նույնիսկ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նման գերտերությունների ղեկավարները ջանում են հանրությանը հնարավորինս տեղյակ պահել իրենց արձակուրդների մասին: Նույնիսկ Պուտինի արձակուրդային ձկնորսության լուսանկարներ են հրապարակվում սոցցանցերում: Իսկ ահա Սարգսյանի մասին՝ ոչինչ: Թեեւ հենց հանրության վճարած հարկերից ձեւավորված պետբյուջեի փողերով էլ Սարգսյանը մեկնում է արձակուրդի:
Իսկ եթե լուրջ, ապա անկեղծ են այն շարքային ՀՀԿ-ականները, ովքեր պնդում են, որ տեղյակ չեն, թե որտեղ է իրենց շեֆը, իսկ նրանք, ովքեր փորձում են հարցին պատասխանել «կրուտիտով»՝ կեղծում են: Եթե Սարգսյանը ընտրված նախագահ լիներ, նրա թիմի շարքային անդամները փսփսալով իրար չէին փոխանցի իրենց հասած տեղեկությունները կամ ենթադրությունները, թե որտեղ է իրենց շեֆը: Սարգսյանը երկիրը կառավարում է մաֆիայի նման. մաֆիայի պարագլխի արձակուրդներից տեղեկացված են միայն նրանից քիչ ներքեւ կանգնած գլուխները: Իսկ մաֆիայի մյուս՝ շարքային անդամները «տեղեկացվում» են արդեն սեփական ենթադրություններով կամ՝ մի քանի ձեռքով իրենց հասած լուրերով:
Պարգեւ Ապրեսյան
‘