‘Որտե՞ղ կշարունակի իր կարիերան Ուեյն Ռունին’

1376

Նեյմարը «Բարսելոնայում» է, Կավանին՝ ՊՍԺ-ում, բայց այս ամռան ամենահնչեղ տրանսֆերը դեռ սպասում է իր հանգուցալուծմանը:

Դեռևս անցյալ մրցաշրջանի ավարտին անգլիացի գլխավոր ֆուտբոլային աստղը, արդեն երկրորդ անգամ ցանկություն հայտնեց լքել «Մանչեստեր Յունայթեդը» և կարիերան շարունակել այլ ակումբում: Եվ եթե առաջին թիմը լքելու պատճառները ֆինանսական էին, ապա հիմա նրանք ավելի ֆուտբոլային են: Անցյալ խաղաշրջանում ֆուտբոլիստը հաճախ էր ռոտացիայի ենթարկվում և Վան Պերսիի կողքին դադարել էր համարվել թիմի գլխավոր աստղը: Սըր Ալեքսը նրան օգտագործում էր կիսապաշտպանության գոտում, որտեղ, որքան էլ որ Ռունին օգտակար խաղ էր ցուցադրում, միևնույն է՝ նախընտրում էր խաղալ առջևի գծում: Ռունին ընդամնեը 27 տարեկան է, և պարզ է, որ չի պատրաստվում հարմարվել պահեստայինի կամ կիսապաշտպանությունում աշխատող ֆուտբոլիստի կարգավիճակին, և չնայած նրան, որ Ֆերգյուսոնը «Յունայթեդը» լքելուց առաջ վստահություն հայտնեց, որ խաղացողը կմնա իրենց մոտ, վերջին օրերի իրադարձությունները խոսում են հակառակի մասին:

Անգլիական մամուլում երեկ տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն, Ռունին ակումբի ղեկավարությունից խնդրել է նվազեցնել իր տրանսֆերի համար պահանջվող գումարը, որպեսզի տեղափոխվի իր ցանկացած ակումբը: Ահա թե որ թիմերն են գլխավոր ֆավորիտները Ռունիի համար պայքարում:

«Չելսի» Երեկ նախ լոնդոնյան ակումբը պաշտոնապես, իսկ հետո նաև Մոուրինյոն հաստատեցին, որ թիմը առաջարկություն է արել խաղացողին ձեռք բերելու համար: Մոուրինյոն, «Չելսի» վերադառնալով, շատ լավ հասկանում էր, որ սա 2004 թիվը չէ, երբ Աբրամովիչը պատրաստ էր բավարարել պորտուգալացու յուրաքանչյուր քմահաճույք: Այժմ «Չելսին» շատ ավելի խելամիտ է գումարներ ծախսում տրանսֆերների վրա: Մամուլում խոսվում է ընդհանուր 80 մլն £-ի մասին, որից 28-ը նախատեսված է «Յունայթեդի», իսկ 52-ը՝ խաղացողի աշխատավարձի համար:

Եթե ամռան սկզբին Ռունիի՝ «Չելսի» տեղափոխությունը գրեթե ֆանտաստիկա էր թվում, այժմ այն ավելի քան հավանական է դարձել՝ հաշվի առնելով նաև այն, որ երեկ Մոուրինյոն հայտարարեց. «Ռունին մեր միակ նպատակն է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը»:

«Արսենալ» Վենգերը մինչև հիմա վիրավորված է Վան Պերսիի «Յունայթեդ» տեղափոխությունից և պատրաստ է լոնդոնյան թիմում առաջատարի դերը հանձնել Ռունիին: Նախկինում ֆրանսիացի մասնագետը մեկ անգամ չէ, որ գովեստի խոսքեր է ասել անգլիացու հասցեին՝ համարելով նրան «Պրեմիեր լիգայում» իր տեսած լավագույն տեղացի խաղացող: Անցյալ խաղաշրջանի ընթացքում «կանոնիրների» ղեկավարությունը Վենգերին խոստացավ ավելի շատ գումարներ ներդնել տրանսֆերների համար, բայց մինչ այժմ թիմը ձեռք է բերել միայն «Օսերի» 20 ամյա  հարձակվող Յայա Սանոգոյին:

«Արսենալը» խաղալու է «Չեմպիոնների լիգայում» և մնում է միայն, որպեսզի Վենգերը կարողանա համոզել Ռունիին իրենց հավակնությունների մեջ: Այսօր Վենգերը, ևս մեկ անգամ խոսելով Ռունիի մասին, հավաստիացրեց, որ իրենք կարող են ֆինանսապես բավարարել խաղացողի պահանջները, հավելելով. «Եթե Վան Պերսին գնաց «ՄՅու» ինչու՞ Ռունին չի կարող տեղափոխվել «Արսենալ»»:

ՊՍԺ Փարիզեցիները վերջապես կարողացան ձեռք բերել Կավանիին, բայց այժմ անհանգստացած են թիմի երկու գլխավոր աստղերի՝ Իբրահիմովիչի և Տյագո Սիլվայի ապագայով: Իբրան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», իսկ Տյագո Սիլվան՝ «Բարսելոնա»: Ակումբի նախագահ Նասեր Ալ Հելայֆին ամեն ինչ անում է, որպեսզի նրանք մնան թիմում, բայց մեծ է վտանգը, որպեսզի կրկնվի Անչելոտիի հետ տեղի ունեցածը, երբ փարիզեցիները, միևնույն է, զիջեցին նրան Մադրիդի «Ռեալին»: Տյագո Սիլվայի փոխարեն նրանք արդեն գրեթե ամեն ինչ համաձայնեցրել են «Ռոմայի» պաշտպան Մարկինյոսի համար, իսկ Իբրահիմովիչի փոխարեն դիտարկում են Ռունիի տարբերակը: Պարզ է, որ Ալ Հելայֆիի համար ֆինանսական կողմը խնդիր չի կարող հանդիսանալ, և այստեղ գլխավոր հարցը Ֆրանսիայի առաջնության վարկանիշն է, որտեղ Ռունին դժվար թե ցանկանա խաղալ:

«Բարսելոնա» Կատալոնցիները ցանկանում էին Ռունիի տրանսֆերում օգտագործել Դավիդ Վիլյային, սակայն «Էլ Գուախեն» չցանկացավ հեռանալ իսպանիայից: Այժմ Բարսան ավելի շատ սեւեռված է կենտրոնական պաշտպան ձեռք բերելու վրա, բայց չի բացառում ևս մեկ հարձակվող ձեռք բերելու հնարավորությունը: Ակումբի սպորտային տնօրեն՝ Անդոնի Սուբիսարետան վերջերս հայտարարեց որ նրանք հարձակվող չեն փնտրում, բայց դեռևս տարվա սկզբից «Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին: Խաղացողների փոխանակումը Բարսայի կողմից հավելավճարով քիչ հավանական է, բայց ոչ բացառված: Պատկերացրեք միայն առջևում Մեսսի, Նեյմար, Ռունի եռյակը:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն կփորձի կանխել տրանսպորտի թանկացումը’
Հաջորդ հոդվածը‘ Ռաֆայել Հովհաննիսյան. Իմ անունով եւ լուսանկարով ինչ-որ մեկը էջ է բացել ՖԲ-ում եւ հոդվածներ է գրում’