‘Որտեղից են Քուվեյթի ներկայացուցիչները իմացել «Երևան Սիթիի» մասին ‘

1503

iLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանում հաշվառված 1500 սիրիահայ ընտանիքներից 1000-ին կտրվեն կտրոններ 20 հազար դրամ պարունակությամբ՝ անհատներին, իսկ ընտանիքներին կտան 2 քարտ, որը 40000 դրամ է։ Գաղափարի հեղինակը Քուվեյթի Հանրապետությունն է: Արդեն որոշված է, թե ինչպես պետք է սիրիահայերն օգտվեն այդ կտրոններից։ «Քուվեյթի կողմից հատկացված 100 000 դոլարը ոչ թե վերածվել է պարենի, և փորձ է արվել պարենը բաժանել, այլ կտրոնի կարգով «Երևան-Սիթի» խանութներից մարդիկ իրենք 20 000 դրամի իրենց գնումները կկատարեն»,- երեկ լրագրողներին ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։:

Ինչպե՞ս է որոշվել, որ սիրիահայերը պետք է ստանան ոչ թե գումարներ, այլ՝ կտրոններ, ինչպե՞ս է որոշվել, որ այդ գումարին համարժեք ապրանքները սիրիահայերը պետք է ստանան հենց «Երևան Սիթի» խանութների ցանցից, որի սեփականատերը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կուսակից ընկեր Սամվել Ալեքսանյանն է՝ Լֆիկ Սամոն: Ինչպե՞ս են գումար տվողները որոշել, որ ամենահարմար գնային քաղաքականությունը վարում է հենց այդ խանութը, ո՞ր խանութներն են մոնիթորինգի ենթարկվել, ինչի արդյունքում Ալեքսանյանի մոտ ամենահարմար գներն են արձանագրվել: Այս հարցերի շարքը կարելի է շարունակել: Միակ բանը, ինչ այս պահի դրությամբ պարզ դարձավ, դա այն է, որ Սփյուռքի նախարարությունը հերքում է իր կապը այդ որոշման հետ, և նշում, որ սա կարելի է համարել Ամանորյա նվեր սիրահայությանը: Նախարարությունից iLur.am-ին փոխանցեցին, որ որոշումը իրենք չեն կայացրել, նաև հավելեցին, որ գումարը տրամադրել  է Քուվեյթի կառավարությունը՝ համագործակցելով Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության հետ: Ավելին, որոշումը, ըստ այդմ, կայացվել է մոնիթորինգի արդյունքում, որը իրականացրել են այդ կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Քուվեյթից ժամանած լրագրողի հետ: Թե ո՞վ է օգնել վերջիններիս այդ հարցում, ո՞վ է խորհուրդ տվել, թե որ խանութներ պետք է գնալ, ո՞վ է տվել խանութների ցանկը, պարզ չէ: Հայաստանում Քուվեյթի դեսպանատնից մեզ դեռ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այդ կապակցությամբ՝ աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ: Այդուհանդերձ, iLur.am-ը խոստանում է հետամուտ լինել և պարզել, թե ինչպես է ստացվել, որ Քուվեյթի կառավարությունը որոշել է Ամանորից առաջ 100 հազար դոլարի նվեր անել Սամվել Ալեքսանյանին, և արդյո՞ք դա հենց իրենց որոշումն է, թե՞ այդ հարցում Հայաստանից եղել են կոնկրետ «բարի խորհրդատուներ»: 

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. Իբրահիմովիչը «չկատարեց» իր խոստումը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ԱՄՆ դեսպան. Մենք գնահատում ենք հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը (տեսանյութ)’