‘Որտեղ էր անհետացել Սերժ Սարգսյանը վերջին օրերին ‘

3878

Ինչպես գիտենք՝ Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ Սարգսյանը այսօր մեկնում է Սոչի: Մինչ այդ՝ օգոստոսի 2-ին, նույն մամլո ծառայությունը հայտարարել էր, որ Սարգսյանը մեկնում է Բելգիա՝ «մասնակցելու օգոստոսի 4-ին կայանալիք Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին»: Սա՝ պաշտոնական հատվածի շարադրանքը:

Իսկ այդ ամենին զուգահեռ՝ սկսվում է ամենահետաքրքրականը: Ինչպես հայտնի է՝ հատկապես արտասահմանյան այցերի ժամանակ Սարգսյանն իր հետ մշտապես նաև թիկնապահների և պատվիրակության մի հսկայական բանակ է տանում: Սակայն այս անգամ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, մի աննախադեպ բան է տեղի ունեցել: Բելգիայում գտնվելու երկրորդ օրը Սարգսյանը անսպասելիորեն թիկնապահներին և պատվիրակության անդամներին հետ է ուղարկել Հայաստան՝ մնալով միայն իր թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի հետ, ինչից հետո այլևս որևէ մեկը նրան չի տեսել և տեղյակ չի եղել նրա գտնվելու վայրի մասին: Այսինքն, փաստացի՝ Սոչի մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը մի քանի օր, բառի բուն իմաստով՝ անցել է ընդհատակ:

Իրավիճակի ողբերգականությունը հատկապես աչքի է զարնում սահմանային լարվածության թեժացման ֆոնին: Այն ժամանակ, երբ սահմանին նկատելի լարվածություն է, պարբերաբար զոհերի մասին նոր տեղեկություններ են  ստացվում, իսկ երբեմն էլ՝ տեղեկատվությունն այնպես աղավաղված է հասնում քաղաքացիներին, որ ոմանք անգամ խուճապից զերծ չեն մնում, դե յուրե «պետության գլուխն» ու բանակի «գերագույն գլխավոր հրամանատար» համարվող անձն ուղղակի անհետանում է, որևէ ուղերձով հանդես չի գալիս և իրեն այնպես է պահում, ասես ինքն ընդհանրապես որևէ առնչություն չունի Հայաստանի հետ:

Այսինքն՝ Սարգսյանն այս օրերին, առավել քան երբևէ, չի կատարում  Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Կատարվածն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանի և Ղարաբաղի ոչ միայն ժողովրդավարության, տնտեսական զարգացման, այլև արդեն ֆիզիկական գոյության և անվտանգության համար «գերագույն գլխավոր հրամանատարի» փոփոխությունը կենսական հարց է: 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» եւ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձերի համար 21 մլրդ դրամ է հատկացվել’
Հաջորդ հոդվածը‘Սատանիկ Պսատանիկ. Միջազգային լրահոսի մասին ‘