‘Որքան շատ անվավեր քվեաթերթիկ՝ նույնքան ուժգին ապտակ Սերժիկ Սարգսյանին’

2274

Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Հասարակության հետ հանդիպումներում, հարցազրույցներում, ասուլիսներում որոշ, ինչպես իրենք են հավատացնում, ընդդիմադիր ՀՀ նախագահի թեկնածուներ, օրեր շարունակ վստահեցրին, որ անպայման հաղթելու են:

Ես հավատում եմ: Բոլորին անխտիր: Հավատում եմ՝ առանց հեգնանքի, որովհետեւ վստահ եմ, որ եթե Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ լինեն, եթե գործի չդրվի կեղծիքների հրեշավոր մեքենան, այս ժողովուրդն ում ասես կընտրի, բացի Սերժիկ Սարգսյանից: Որքան էլ նեղսրտած պահերին ասենք` դե, մենք ժողովուրդ չենք, ճորտ ենք, արժանապատվություն չունենք, ինչ էլ ասենք, մի բան հաստատ գիտենք`ոչ մի ժողովուրդ բաց աչքերով չի մղվի ինքնասպանության:

Չնայած Հայաստանում երբեւէ այսպիսի վախվորած, կեղծ բարեկրթության տակ թաքնված, ստորաքարշ ընտրարշավ չեմ տեսել ու չեմ հիշում, չնայած նախագահի թեկնածուներն աննախադեպ «ըմբռնումով էին մոտենում» իրենց հիմնական հակառակորդ Սերժիկ Սարգսյանին, չնայած ոչ ոք առաջնային նպատակ չդարձրեց հասարակությանը բացատրել, թե ինչու չի կարելի ձայն տալ իշխանությունը զավթողին, միեւնույնն է` առանց կեղծիքների ընտրությունների դեպքում Սերժիկ Սարգսյանը կնետվեր պատմության փոշոտ դարակներից մեկը: Չնայած ՀՀ նախագահի թեկնածուները զլացան հասարակությանը կրկին եւ կրկին բացատրել, թե ինչ սարսափելի ոճրագործություն էր Մարտի 1-ը, թե ինչ է նշանակում իշխանությունը զավթելու համար հարյուրավոր քաղբանտարկյալների բանտերում պահել, չնայած կեսբերան հիշողներ եղան քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ Կոնգրեսի մյուս երիտասարդ ակտիվիստներ Սարգիսին, Դավիթին ու Արտակին, որոնց Տիգրանի ճակատագիրն է սպասվում (հիմնականում հիշեցին լրագրողների համապատասխան հարցերից հետո կամ ձեռի հետ), չնայած, անհասցե մեղադրանքներից բացի՝ ոչ ոք չշեշտեց, որ ահասարսուռ արտագաղթի մեղավորն այդ նույն Սերժիկ Սարգսյանն է՝ իր անկուշտ ու հղփացած թալանչիներով, բայց նորից պնդում եմ` ասպարեզում եղած թեկնածուներից  ցանկացածը կարող է դառնալ ՀՀ նախագահ, եթե ընտրակեղծիքներ չլինեն: Չհիշեցին նաեւ գազանաբար սպանված Վահե Ավետյանին, «ինքնասպանված» Արտակ Նազարյանին եւ խաղաղ պայմաններում բանակում հոշոտված մնացյալ զինվորներին, որոնց ծնողներն արդեն քանի-քանի տարի դեգերում են դատարանից` իշխանության դուռը, իշխանության դռնից՝ դատախազություն, եւ լույսի նշույլ անգամ չի երեւում, որ մի օր նրանց կհաջողվի տեսնել իրենց զավակների իրական դահիճների արդար դատը: Իսկ պարտավոր էին հիշել, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ նրանք այս ավազակապետության զոհերն են` ուղղակի, թե անուղղակի:

Անշուշտ,  «ի պատիվ» ՀՀ նախագահի թեկնածուների՝ ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց համակիրները, ողջ ընտրարշավի շրջանում չմոռացան «անաչառորեն» քննադատել  Հայ ազգային կոնգրեսին եւ նրա առաջնորդին: Սերժիկի հետ թեւ թեւի: Այս հարցում, ի դեպ, նախանձելի ներդաշնակություն էր տիրում թեկնածուների «օթյակում»:

Չնայած` «չնայածները» շատ-շատ են, բայց կրկնեմ` ազատ եւ արդար ընտրությունների դեպքում Սերժիկ Սարգսյանին ձայն կտար միայն իր անձնական օգտագործման ավազակախումբը, եւ մնացած թեկնածուներից որեւէ մեկը կդառնար Հայաստանի նախագահը: 

Ինչ որ է. օրեր էին, մթնեցին` անցկացան: Այսքանը կարողացան, այսքանն արեցին: Այսքանը ցանկացան, այսքանն արեցին:

Կարեւորը` նրանց մեջ պնդողներ կան, որ հաղթելու են: Եթե վստահ են, որ հաղթելու են, ուրեմն` նաեւ վստահ են, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ են լինելու: Թե ինչ տրամաբանությամբ են այս թեկնածուները վստահ, որ Հայաստանի քաղաքացիներին սպանելու գնով իշխանության հասած Սերժիկ Սարգսյանն այս անգամ թույլ կտա, որ իր ձեռքից խլեն իշխանությունը, իրենք կիմանան: Եւ գուցե հետագայում մեզ էլ «լուսավորեն»:

Քանի դեռ «լուսավորված» չենք, մի քանի մտատանջող հարց ուղղեմ իրենց հաղթանակին սպասող թեկնածուներին: Եթե վստահ են, որ հաղթելու են, ի՞նչ են անելու, եթե հանկարծ չհաղթեն: Եվրոպացի դիտորդների նման ասելու են` ընտրախախտումներ կային, բայց ոչ այնքան, ո՞ր… Ու սեւ կամ կարմիր վերնաշապիկ հագած՝ շտապելու են շնորհավորելո՞ւ «բարի ու բարոյական» Սերժիկ Սարգսյանին եւ նրան կրնկակոխ հետապնդող «ցելոֆաններին»: Ասելու են` Սերժիկ Սարգսյանը նորից գողացավ ժողովրդի քվեն, եւ դուրս են գալու փողո՞ց իրենց համակիրներով, պայքարելու են այնքան` մինչեւ ժողովրդի գողացված քվեն վերադարձնեն իրական տիրո՞ջը, գիշերնե՞ր են լուսացնելու բաց երկնքի տակ, նորաթուխ բազազների կճղակների հա՞մն են վայելելու, բանտե՞րն են նետվելու հանուն ազատ, արդար ընտրությունների, նահատակվելո՞ւ են ընդդեմ բռնապետության: Պայքարելու են առավե՛լ վճռականորեն, քան Հայ ազգային կոնգրե՞սը պայքարեց: Թե՞ սպասելու են, որ «ազգընտիր» Սերժիկ Սարգսյանն  ըստ արժանվույն գնահատի իրենց` ընտրապայքարն իր գծած շրջանակներում անցկացնելու համար:

Ես գիտեմ` ո՛ր տարբերակն է լինելու: Եւ հենց սա է պատճառը, որ գնալու եմ ընտրատեղամաս եւ անվավեր եմ դարձնելու իմ քվեաթերթիկը: Որքան շատ անվավեր քվեաթերթիկ՝ նույնքան ուժգին ապտակ Սերժիկ Սարգսյանին:

Այս պահին ով ավելին կարող է անել՝ կանաչ ճանապարհ:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Արմավիրում կրակոցներ են հնչել. Ըստ լուրերի՝ կրակողը քաղաքապետի որդին է’
Հաջորդ հոդվածը‘Գերագույն առաջնորդ. Իրանը ատոմային ռումբի կարիք չունի’