‘Որ հայերն իմանան՝ ինչու ԵՄ-ն պետք է խոսի. դեսպանը կոչ է արել հրապարակել ֆինանսավորման մասին տվյալները’

7495

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ իր կողմից հնչեցված գնահատականներին հաջորդած իշխանական արձագանքներին:

«Ես չեմ հաղորդել և չեմ հաղորդի ուղերձներ իշխանություններին հանրային հայտարարությունների միջոցով։ Մենք լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, լավ հաղորդակցման միջոցներ։  Ես հանրային հայտարարությունների կարիք չունեմ, որպեսզի ուղերձներ տեղ հասցնեմ, ես դրա կարիքը չունեմ։ Ոչ մի կարծիք, որ ես հայտնել եմ հանրային ճանապարհով, գաղտնիք չէ, անհայտ չէ իշխանությունների համար:  Ինչ վերաբերում է ընտրություններին, կցանկանայի հաստատել, որ Եվրամիությունը տրամադրել է զգալի ֆինանասկան աջակցություն՝ ավելի քան 7 միլիոն եվրո։ Սակայն գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը ընտրություններին շատ ավելին էր, քան ֆինանսավորումը։ Գուցե դեռ վաղ է հրապարակավ խոսել այս մասին, բայց կարծում եմ՝ մեր ֆինանսական աջակցությունը ամենաքիչ նպաստն էր, որ բերեցինք ընտրություններին։ Կցանկանայի շեշտել, որ դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա։ Մենք երբեք չենք փորձել ստիպել»,- հայտարարել է Սվիտալսկին:

Նա նաեւ հավելել է, որ «եթե այլևս ցանկալի չէ մեր աջակցությունը, չենք ստիպի, չենք պարտադրի մեր ներկայությունը»:

«Մեր աջակցության շնորհիվ էր, որ շատ բարելավումներ հնարավոր դարձան, եւ մենք պատրաստ ենք նաեւ շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ սա այդքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք Հայաստանի սուվերեն ընտրությունը, ոչինչ՝ ձեր կամքին հակառակ»:

Սվիտալսկին նաեւ նշել է, որ ինքը մի քանի օր առաջ նամակ է ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ առաջարկելով իշխանություններին հայերենով հրապարակել ԵՄ-ի կողմից տրամադրված այդ ֆինանսավորումն ու առկա համաձայնագրերը,  որպեսզի հայերը իմանան, թե ինչու ԵՄ-ն պետք է խոսի, ինչն, իր կարծիքով, արդարացի մոտեցում է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովում Սվիտալսկին անդրադարձել էր ԱԺ ընտրություններին՝ խոսելով ընտրակաշառքի մասին արժանահավատ տեղեկություններից, այլ թերություններից, եւ առաջարկել էր մասնավորապես, փոխել ԿԸՀ կազմը եւ այն ավելի վստահելի դարձնելու համար համալրել քաղհասարակության ներկայացուցիչներով:

Իշխանություններն այս հայտարարություններին շատ կտրուկ արձագանք էին տվել՝ հիմնականում, մասնավորապես, հայտարարելով, թե դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին: 

Նախորդ հոդվածը‘Մահ՝ «մարդասիրական նկատառումներով»’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում’