‘Ու՞մ են բանկերը այս շաբաթ վաճառել 145 մլն դոլար’

1872

Երեկ կենտրոնական բանկի կողմից հրապարակած շաբաթական ամփոփ տվյալներից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում «արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,026,134 դոլար՝ 438.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 145,416,774 ԱՄՆ դոլար՝ 442.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով»:

Այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ անցնող շաբաթվա ողջ ընթացքում շարքային քաղաքացիները բանկերից ընդհանրապես չէին կարողանում դոլար գնել: Այս տողերի հեղինակը երկու օր առաջ ապարդյուն փորձել է բանկերից 1000 դոլար գնել: Վերջապես գործարքը հաջողվել է իրականացնել փոխանակման կետերից մեկում՝ մեկ դոլարի համար վճարելով 475 դրամ: Իսկ ըստ ԿԲ-ի հրապարակած տվյալների՝ բանկերը վաճառել են 145 մլն դոլար՝ 442.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ըստ «Հրապարակի»՝  Էյչ Էս Բի Սի-ի բանկում յուրաքանչյուր ցանկացողի միանվագ վաճառում էին մինչև 500 ԱՄՆ դոլար, իսկ ավելին գնելու համար անհրաժեշտ էր նորից հերթ կանգնել: Երեկ առավոտյան նույն բանկում դոլարի առքուվաճառքն արդեն 450-460-ի սահմաններում էր: Ամենաբարձր փոխարժեքը՝ 465 դրամ վաճառք երեկ առավոտյան գրանցվեց ՊՐՈԿՐԵԴԻՏ բանկում: Երեկոյան ԲՏԱ-ն, Ինեկոբանկն ու Հայէկոնոմբանկն այսպիսի փոխարժեք սահմանեցին: Այսպիսով՝ հավաստիացումները, թե ԿԲ-ն բոլոր գործիքներն օգտագործում է փոխարժեքի տատանումները կանխելու համար, արժեք չունեն, եւ կամ այդ գործիքները «փչացած են»: 

Այս կապակցությամբ «ՀԺ»-ն գրում է. ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած ամենշաբաթյա պաշտոնական մի տեղեկանքից այնպիսի պատկեր է ստացվում, որ մեր շուկան ներկայումս ուղղակի ողողված է կանխիկ դոլարով: Դրանով իրական են դառնում ամենատխուր կանխատեսումները:

Ըստ ԿԲ-ի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերը շուկայից գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում բանկերը գնում էին 100 միլիոն և վաճառում 107 միլիոն դոլար: Ստացվում է, որ այս շաբաթ մեր բանկերը մոտ 40 միլիոն դոլար ավել են վաճառել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Հարց է ծագում՝ այդ ո՞վ է գնել այդքան դոլար, եթե շարքային հաճախորդները առնվազն այս շաբաթ դոլար չեն կարողացել գնել բանկերից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կան արտոնյալ մարդիկ, ում բանկերը հաճույքով, անցած տարվա համեմատ 40 տոկոսով ավելի դոլար են վաճառել, ընդ որում՝ ցածր գնով՝ 443 դրամով (ձեռքի վրա վաճառվում էր 470-500 դրամով): Տեխնիկապես ԿԲ-ն կարող է հրապարակել այդ արտոնյալ գնորդների անունները՝ հատիկ առ հատիկ: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու նկատառումներով կարելի է առաջարկել հրապարակել այդ ցանկը, եթե, իհարկե, ԿԲ-ն կռիշ չի կանգնում այդ արտոնյալներին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Ռումինիայի դեսպանը՝ դիվանագիտական սկանդալի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը՝ ուղղաթիռի խոցման արձագանքի մասին. Եռանախագահները չափազանց դելիկատ լեզվով են խոսում’