‘Ու՞մ պատվերով էր իրականացվել «մասկի շոու» գործողությունը «Յուվեցի Կարոյի» տղայի նկատմամբ (տեսանյութ)’

6481

Մեր խմբագրությունը նամակ է ստացել իր ընթերցող Կարեն Ավետիսյանից, որտեղ վերջինս անդրադառնում է shamshyan.com կայքի մի հրապարակմանը: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Օրեր առաջ shamshyan.com կայքը հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն էր տարածել. «Մարտի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանություն էին բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ, 24-ամյա Վարդան Կարապետյանին: Վ. Կարապետյանը, վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց: Ոստիկանները երկար ժամանակ հետապնդելուց հետո նոր կարողացել էին շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Վ. Կարապետյանը Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր,« Յուվեցի Կարո» մականվամբ՝ Կարո Կարապետյանի որդին էր, իսկ «Տոյոտա Պռադոյի» վրա դրված էր գերհզոր ձայնային ազդանշան, ինչի համար վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվում 100 000 դրամի չափով: Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր ստացավ ընթերցողներից, ովքեր խնդրում էին, որպեսզի իրենց դատին հանձնվեն նաև պատգամավորի տղայի կատարած խախտումներն ու հատուկ ջոկատայինների կողմից նրա վնասազերծման պահը»:

Եվ ահա Գագիկ Շամշյանը կատարել է իր ընթերցողների խնդրանքը և տեղադրել է մի ցնցող տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ…. Նշված ավտոմեքենաները իրենց համար հանգիստ ընթանում են Երևանի փողոցներով, ոչ մի խախտում չեն կատարում, ավելին՝ իրենց ոչ ոք չի հետապնդում, բայց ողջ ընթացքում հետևում է մի մեքենա, որտեղից էլ նկարահանված է «պատգամավոր-օլիգարխի օրինախախտ որդին» (shamshyan.com-ի վերնագիրն է): Երբ մեքենաները կանգնում են ինչ-որ  շենքի մոտ, և «պատգամավոր-օլիգարխի օրինախախտ որդին» և նրան ուղեկցող մի քանի երիտասարդներ դուրս են գալիս մեքենաներից, սկսվում է «մասկի շոու» գործողությունը, և հատուկ ջոկատայինները բերման են ենթարկում «պատգամավոր-օլիգարխի օրինախախտ որդուն»: Եթե նույնիսկ վարորդը խախտում է կատարում, նրա հետ գործ պետք է ունենան ՃՈ աշխատակիցները, իսկ չենթարկվելու դեպքում նոր, կարելի է «օրինախախտ վարորդին» վնասազերծել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների օգնությամբ: Բայց, ինչպես պարզ երևում է տեսանյութում, վարորդներին ոչ մի ՃՈ մեքենա չի էլ փորձում «վնասազերծել»:

Եվ պարզ է դառնում, որ մեջբերված տեքստի և տեսանյութի միջև ոչ մի ընդհանրություն չկա: Ավելին՝ ակնհայտ է, որ այս ողջ «մասկի շոու» գործողության նպատակը, ըստ երևույթին՝ «պատգամավոր-օլիգարխի» հետ հաշիվներ մաքրելն է: Մնում է միայն նշել, որ նման գործողություններով, նախ, ընկնում է ՀՀ ոստիկանության՝ առանց այդ էլ շատ փխրուն հեղինակությունը, մյուս կողմից՝ սկսում ես չվստահել shamshyan.com կայքում տեղ գտած տեղեկատվությանը:

Նախորդ հոդվածը‘Ես իրավունք չունե՞մ կասկածելու Րաֆֆիին’
Հաջորդ հոդվածը‘Ժորդի Ռոուրա. Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստ ենք «Միլանի» հետ խաղին’