‘
Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին որոշեց ավարտել միջազգային կարիերան։ Հավաքականում անցկացրած 14 տարիների ընթացքում Ռունին անցկացրել է 199 հանդիպում և խփել 53 գոլ։ 2015-ի սեպտեմբերին Ռունին դարձավ Երեք առյուծների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով սըր Բոբի Չառլտոնին և Գարի Լինեկերին։
Ռունիի միջազգային կարիերայի անկումը սկսվեց անմիջապես Եվրո-2016-ից հետո։ «Յունայթեդում» խաղային պրակտիկայի բացակայությունը և բազմաթիվ վնասվածքները գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին ընտրության հնարավորություն չթողեցին, բացի Ուեյնի ծառայություններից հրաժարվելը Ֆրանսիայի և Շոտլանդիայի հետ խաղերում։
«Էվերտոն» վերադառնալուց և Պրեմիեր լիգայի մեկնարկային 2 հանդիպումներում 2 գոլ խփելուց հետո հարձակվողը հուսով էր վերադարձնել Սաութգեյթի վստահությունը, բայց մարզչի հետ բանակցություններից հետո հասկացավ, որ ավելի լավ է կենտրոնանա ակումբային աշխատանքի վրա։
«Անցած շաբաթ Գարեթ Սաութգեյթն ինձ զանգեց ու ասաց, թե ուզում է ինձ վերադարձնել հավաքական, որպեսզի մասնակցեմ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին։ Ես գնահատեցի այդ քայլը, բայց արդեն մտածում էի այն մասին, որպեսզի ավարտեմ միջազգային կարիերան։ Հենց դա էլ ասացի Գարեթին։
Դժվար էր այդպիսի որոշում կայացնել, բայց ես այդ հարցը քննարկեցի իմ ընտանիքի, «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի և իմ մտերիմների հետ»,- ասել է Ռունին։
‘