‘
Աշխարհահռչակ ռեփեր, պրոդյուսեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը երեկ իրական շքեղ անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին: Երեկ կեսգիշերին մոտ անսպասելի հայտնի դարձավ, որ Հայաստանից մեկնելուց առաջ Ուեսթը, որը մինչ այդ միայն ուղեկցում էր իր հայտնի կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, կեսգիշերին անվճար համերգ է տալու Կարապի լճի մոտակայքում: Համերգի լուրը րոպեների ընթացքում տարածվեց համացանցում, եւ մինչ Ուեսթը կժամաներ, լճի մոտակայքն արդեն լեցուն էր ռեփերի երկրպագուներով:
Ու չնայած համերգը սկսվեց հայտարարված ժամից փոքր ինչ ուշացումով, եւ ավարտվեց ավելի արագ, քան ակնկալում էին երկրպագուները, այդուհանդերձ, Ուեսթին հաջողվեց անմոռանալի զգացումներ պարգեւել իր երկրպագուներին, հատկապես՝ համերգի ավարտին, երբ նա ցատկեց Կարապի լճի մեջ: Երկրպագուները, բնականաբար, չէին կարող բաց թողել այս հարմար առիթն, ու նրանցից շատերն իրենք էլ նետվեցին ջուրը՝ երգչին մոտիկից տեսնելու ու գրկելու համար: Ի դեպ, թեեւ հեռվից տպավորություն էր ստեղծվել, թե երկրպագուներն ուղղակի «խեղդամահ» են անում երգչին, այդուհանդերձ, երգիչն իրականում ինքն էր առաջինը պարզել ձեռքերն ու սկսել «գրկախառնության» պրոցեսը երկրպագուների հետ: 21 Գրեմմիի մրցանակակիր Ուեսթը հայ երկրպագուներին ամենախելահեղ րոպեներ պարգեւեց:
Հ.Գ. Համերգից առաջ հաղորդավարի հայտարարությանը, թե շուտով լճի մոտ կժամանի հայտնի ռեփերը, երկրպագուները արձագանքեցին ծափերով եւ ճիչերով: Իսկ ահա, երբ հաղորդավարը առիթը բաց չթողեց՝ շնորհակալություն հայտնելու Տարոն Մարգարյանին աջակցության համար, (!!!) (ով, ի դեպ, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ նստած էր Կարապի լճի հարակից սրճարանում), հավաքված բազմությունը սկսեց ուղղակի սուլել: Հուսանք, սրճարանում նստածները լավ լսեցին սուլոցներն ու համապատասխան եզրակացություններ արեցին:
Ի դեպ՝ Տարոն Մարգարյանի աջակցության մասին: Թե այդ ո՞նց է նա աջակցել համերգին, հայտնի չէ, բայց կարելի է կռահել, որ խոսքը բարձրախոսների տրամադրման մասին է, որովհետեւ այլ բան ուղղակի տրամադրված չէր: Բայց,այդ դեպքում, Տարոն Մարգարյանն ավելի լավ կաներ՝ այդ հարցում էլ չաջակցեր՝ հաշվի առնելով նրա տրամադրած բարձրախոսների խայտառակ որակը: Աշխարհառչակ աստղին տրամադրվել էին բարձրախոսներ, որոնք ի վիճակի չեն երգչի կատարումները անգամ մի երկու տասնյակ մետր այն կողմ տարածել: Մյուս կողմից էլ, ուրիշ ի՞նչ ակնկալել նման մարդկանցից: Այ, որ Տարոն Մարգարյանի կամ նրա տեղակալների համար նոր «մաշնա» գնելու առիթ եղավ, այդ դեպքում՝ պետական փողերով կգնեն ամենալավը, իսկ սենց, «ինչ-որ ռեփեր է, էլի, երգում է, մի երկու դինամիկ ա, բան ա, տանք, թող էթա, կարեւորը՝ չմոռանանք արանքում աջակցության համար շնորհակալություն հայտնել Տարոն Մարգարյանին»:
‘