ՈւԵՖԱ-ն գործ է բացել ՀՖՖ-ի ու Պետրակովի դեմ

223

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) վարույթ է հարուցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Գործը բացվել է Խորվաթիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի խաղի առնչությամբ: Ալեքսանդր Պետրակովը մեղադրվում է հանդիպման մեկնարկը ձգձգելու մեջ (երկրորդ խաղակեսից առաջ, խմբ․), իսկ ՀՖՖ-ն՝ ստադիոնի հասարակական անցումները արգելափակելու, խաղի ժամանակ քաղաքական բնույթի սադրիչ գործողությունների, երկրպագուների կողմից ճայթրուկների օգտագործման, ստադիոնում զանգվածային անկարգությունների և խաղը ուշ սկսելու համար:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում խորվաթները հաղթել էին 1-0 հաշվով: 35-րդ րոպեին հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվել էր, քանի որ խաղադաշտում սավառնում էր Արցախի Հանրապետության դրոշը, որը դրոնի միջոցով պտույտ կատարեց դաշտում։

4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը երևանյան հաղթանակից հետո վաստակել էր 10 միավոր և գլխավորել D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։

Նախորդ հոդվածըՆեյմարը Սաուդյան Արաբիայում նշեց նորամուտը, «Ալ Հիլալը» խփեց 6 գոլ
Հաջորդ հոդվածըSpeed Chess Championship. Մագնուս Կարլսենը մեծ առավելությամբ հաղթեց Յան Նեպոմնյաշչուն