Իսպանացի փաստաբան Խորխե Վակերոն, ով մասնագիտանում է սպորտային իրավունքի ոլորտում, նշել է, որ «Բարսելոնան» կարող է պատժամիջոցների ենթարկվել ՈՒԵՖԱ-ի կողմից մրցավարներին կաշառելու կասկածանքով,- փոխանցում է Onda Cero-ն։
Համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնների կետերից մեկի՝ եթե կազմակերպությունը գտնում է, որ որևէ ակումբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է եղել ազգային առաջնությունում կամ միջազգային մրցումներում խաղի արդյունքի վրա ազդելու որևէ գործունեության մեջ, ապա այս թիմը կարող է դուրս մնալ եվրագավաթներից։
Այսպիսով, եթե հաստատվի «Բարսելոնայի» մեղքը, ապա ՈՒԵՖԱ-ն կարող է թույլ չտալ կատալոնացիներին մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մեղադրվում է Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին անդամին գումար փոխանցելու մեջ՝ սպորտային արդյունքների վրա ազդելու համար։