‘
ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել Ամերիկայի գավաթի հաղթողի ու Եվրոպայի չեմպիոնի մասնակցությամբ հանդիպման անցկացմանը: Այդ մասին Թվիթերում հայտնել է Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը: Ոչ պաշտոնական տվյալներով, այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ Հարավային Ամերիկայում:
«Մենք դրական պատասխան ենք ստացել այդ հանդիպման անցկացման վերաբերյալ: Այժմ քննարկում ենք խաղի հնարավոր օրը»,- գրել է Դոմինգեսը:
Հունիսի 27-ին Նյու Ջերսիում տեղի ունեցած Ամերիկայի Գավաթի եզրափակիչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության էր մատնել Արգենտինայի հավաքականին: Եվրո-2016-ի հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 10-ին: Քառորդ եզրափակիչում կհանդիպեն Լեհաստանն ու Պորտուգալիան, Ուելսն ու Բելգիան, Գերմանիան ու Իտալիան եւ Ֆրանսիան ու Իսլանդիան:
‘