‘
ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն պատժել է գերմանացի մրցավար Վոլֆգանգ Շտարկին՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ խաղում (2:2) թույլ տված սխալների համար, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Կոմիտեի որոշմամբ Շտարկը այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի որեւէ հանդիպում այլեւս չի սպասարկի:
Գերմանացի մրցավարին պատժել են նրա համար, որ նա միանգամից երեք տեխնիկական սխալ է թույլ տվել դրվագում, երբ սեփական տուգանային հրապարակում բախվեցին «Բարսելոնայի» երկու պաշտպանները՝ Խավյեր Մասկերանոն եւ Խորդի Ալբան: Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք ստացան եւ ընկան: Սակայն Շտարկը ուշադրություն չդարձրեց դրա վրա եւ չարձանագրեց Զլաթան Իբրահիմովիչի խաղից դուրս վիճակը, ինչի պատճառով «Բարսելոնայի» դարպասի մոտ վտանգավոր պահ ստեղծվեց: Այնուհետեւ մրցավարը ստիպեց Մասկերանոյին եւ Ալբային լքել խաղադաշտը, թեպետ դա չպետք է աներ: Եվ վերջապես, Շտարկը ֆուտբոլիստներին թույլ տվեց խաղադաշտ վերադառնալ ոչ թե եզրային, այլ՝ դիմային գծից:
‘