Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարգևատրվեցին նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը։
ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 23-ամյա ֆուտբոլիստը ՉԼ-ի նախորդ խաղարկությունում մասնակցել է 11 հանդիպման, խփել 12 գոլ և ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու։ Մրցանակին հավակնում էին նաև Հոլանդի ակումբակից, բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և ամերիկյան «Ինտեր Մայամիի» ու աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր ֆրանսիական ՊՍԺ-ում։
2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակը ստացավ «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան։ Անգլիական ակումբը 52-ամյա մասնագետի գլխավորությամբ ՉԼ-ում անցկացրել էր 13 հանդիպում, տարել 8 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի և պատմության մեջ առաջին անգամ նվաճել տիտղոսը։
Քվեարկության արդյունքում Գվարդիոլան առաջ անցավ «Նապոլիի» հետ Իտալիայի չեմպիոն դարձած Լուչիանո Սպալետիից ու Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիից։