‘Ուզբեկստանի նախագահի դուստրը զրկվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից’

821

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Գուլնարան, ուզբեկական իշխանությունների որոշմամբ՝ զրկվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հունիսի կեսերին Ֆրանսիայում խուզարկություններ են անցկացվել այն բնակարաններում, որոնք, «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության տվյալներով՝ կապ ունեն Ուզբեկստանի նախագահի դստեր հետ: Թե ինչ հիմունքներով էր Գուլնարան օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից՝ չի ճշտվում: 2010-2012 թթ. նա եղել է Ուզբեկստանի դեսպանն Իսպանիայում, և այդ ընթացքում օժտված է եղել դիվանագիտական անձեռնմխելիությամբ:

Ֆրանսիայում անցկացված խուզարկությունների մասին, որոնք կատարվել էին Շվեյցարիայի դատախազության դիմումով, հաղորդվեց հուլիսի սկզբներին: Ֆրանսիական ոստիկանության ֆինանսական հետաքննության և կազմակերպված հանցավորության գծով վարչությունը խուզարկել էր երկու բնակարաններ՝ փողերի լվացման գործով փաստաթղթեր հայտնաբերելու համար: Այդ գործով  անցնում է Քարիմովայի օգնական Ալիշեր Էրգաշևը: Վերջինս Takilant ընկերության ներկայացուցիչն է, որը ԶԼՄ-ները կապում են Գուլնարա Քարիմովայի հետ: Ենթադրաբար՝ այդ ընկերության հաշվեհամարների վրա են հոսել Ուզբեկստանի շուկայում գործող TeliaSonera բջջային օպերատորից ստացված կաշառքի գումարները, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Կացին, ցախավել, խոտ եւ LCD հեռուստացույցներ. ԱԱԾ գնումները ‘
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայի տրանսպորտի նախարարին դատապարտել են հինգ տարվա ազատազրկման’