‘
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում։
Թերթը հիշեցնում է, որ տևական ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց սպասված» այցը Հայաստան, և ամեն անգամ հարց ունենալիս Ս. Սարգսյանն ինքն է մեկնում ՌԴ։ Փոխարենը Պուտինը այցելելու է Բաքու։
Թերթի աղբյուրները միաժամանակ չեն բացառում, որ Ս. Սարգսյանը փորձի Պուտինի հետ հանդիպել մինչ այդ Իրանում, ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը։ «Ժողովուրդն» այս առնչությամբ այդպես էլ չի կարողացել պաշտոնական պատասխան ստանալ։
‘