‘
Մեքքայի ուխտագնացությունից՝ հաջից մի քանի օր առաջ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունն աճել է: Դրա պատճառը ուխտագնացության կազմակերպման և մուսուլմանների համար սրբազան Մեքքայի և Մեդինայի կառավարման վերաբերյալ վեճն է: Հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով Էր-Ռիադը հրաժարվել է հաջի քվոտաներ տրամադրել Թեհրանին, իսկ Իրանի ուխտագնացներին վիզա կտրվի միայն այն դեպքում, եթե նրանք ժամանեն որևէ երրորդ երկրից:
Ավելի վաղ Իսլամական Հանարպետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին անցյալ տարվա ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի համար, որի ընթացքում շատ իրանցիներ էին զոհվել, մեղադրեց թագավորության իշխանություններին: Սաուդցիների հասցեին կոշտ արտահայտվեց նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Նրանց մտքով անգամ չանցավ ներողություն խնդրել, ոչ մի փոխհատուցում չվճարվեց: Նրանք նույնիսկ մնացած մուսուլմանների հետ չխորհրդակցեցին, թե այս անգամ ինչպես կազմակերպեն հաջը»:
Սաուդյան Արաբիայի մեծ մուֆթին պարտքի տակ չմնաց և հայտարարեց, թե իրանցիներն «ընդհանրապես մուսուլման էլ չեն, այլ զրադաշտականների սերունդներ, որոնք թշնամի են սուննիներին»:
Իրանի ԱԳՆ ղեկավար Ջովադ Զարիֆը Էր-Ռիադին մեղադրեց «ծայրահեղականության հրահրման» մեջ: Այս տարեսկզբին շիական Իրանը և սուննի Սաուդյան Արաբիան խզեցին դիվանագիտական հարաբերությունները:
Յուրաքանչյուր մուսուլման կյանքում մեկ անգամ պետք է ուխտագնացություն կատարի Մեքքա: Անցյալ տարի Մինայի հովտում շայթանին քարկոծելու արարողության ժամանակ զոհվեց ավելի քան 2000 մարդ, այդ թվում՝ 450 իրանցի: Փոխանցում է euronews-ը:
‘