‘Ուկրաինական ավիաընկերությունների դեպի Հայաստան չվերթների իրականացմանն առնչվող որևէ խնդիր չի դիտվում’

823

Օգոստոսի 11-ի դրությամբ Ուկրաինական ավիաընկերությունների նկատմամբ ՌԴ պատժամիջոցներն առայժմ չեն անդրադարձել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Հայաստանի ուղղությամբ չվերթների ավիատոմսերի արժեքի վրա: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է Հայաստանում ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Տիգրան Աչոյանը:

Նրա ասելով, ուկրաինական ավիաընկերությունը ռուսական պատժամիջոցներից երեք շաբաթ առաջ փոխել էր դեպի Հայաստանի երթուղու ուղղությունը: «Ենթարկվելով «Եվրավերահսկողության» պահանջներին, որն արգելում է թռիչքներն Արևելյան Ուկրաինայի վրայով, ընկերությունը փոխել է դեպի Հայաստան երթուղին: Այժմ չվերթներն իրականացվում են Բուլղարիայով և Թուրքիայով, ինչը 30-35 րոպեով երկարացնում է չվերթների իրականացման ժամանակը», — ասել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» գլխավոր ներկայացուցիչը, հավելելով, որ ավիաչվերթներն իրականացվում են ամեն օր:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն իր հերթին ԱրմԻնֆո-ին հաղորդել է, որ այժմ դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում ուկրաինական երկու ավիաընկերություններ` «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները», և «Դնեպր-ավիան», և առայժմ դրանց իրականացմանն առնչվող որևէ խնդիր չի դիտվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ռուսաստանն արգելում է ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթներն իր օդային տարածքով դեպի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա:  

Նախորդ հոդվածը‘Բրյանսկի արգելոցում շիկահեր արջուկ է ծնվել’
Հաջորդ հոդվածը‘Կասպարովն ու Իլյումժինովն այսօր կպայքարեն ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար’