‘
Ուկրաինական բանակն անջատական ուժերից ազատագրել է Լուգանսկի օդանավակայանը, հաղորդում է Ուկրաինայի նախագահի Facebook-յան էջը: «Նախագահ Պոռոշենկոյին քիչ առաջ հակաահաբեկչական գործողության շտաբից զեկուցեցին, որ ուկրաինացի զինվորականները մարտերով հասել են Լուգանսկի օդանավակայանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ անջատականները հայտարարել էին, որ ուկրաինական ուժերը տանկերով և օդուժով հարձակվում են Լուգանսկի վրա: Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսաստանամետ անջատական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը ( Գիրկին) տեղեկացրել էր, որ իր ուժերին հաջողվել է կասեցնել ուկրաինական զինվորականների առաջխաղացումը:
Մինչդեռ Գերմանիան և Ռուսաստանը կոչ են անում ուղիղ բանակցություններ սկսել Կիևի և անջատականների միջև: Կիրակի օրը Ռիո-դե-Ժանեյրոյում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի հանդիպումը, որն ամբողջությամբ նվիրված է եղել Ուկրաինայի դեպքերին: Պուտինը և Պոռոշենկոն չեն հանդիպել, քանի որ Ուկրաինայի նախագահը որոշել է ներկա չլինել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Փոխանցում է BBC-ն:
‘