‘Ուկրաինական դատախազությունը պահանջում է կալանավորել ՆԳ նախարարի որդուն’

2235

Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը բողոքարկել է ուսապարկերի գնման գործով անցնող կասկածյալների խափանման միջոցի որոշումը, որոնց թվում է նաև Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի որդին՝ Ալեքսանդր Ավակովը: Կասկածյալներին բաց են թողել անձնական պատասխանատվությամբ: Դատախազությունն այդ միջոցը անբավարար է համարում և պահանջում է կալանավորել նրանց: Բողոքն ուղարկվել է Կիևի վճռաբեկ դատարան:

Ալեքսանդր Ավակովը կասկածվում է  2015 թ. ՆԳՆ-ի համար ուսապարկեր գնելիս մոտավորապես 520 հազար դոլարի մսխման մեջ: Գործով անցնում է ևս երկու մարդ, որոնցից մեկը ներքին գործերի նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարն է:

ՆԳՆ-ում այս գործը համարում են քաղաքական՝  նախարարին և նրա ընտանիքին վարկաբեկելու նպատակով: Արսեն Ավակովը վստահ է, որ դատարանում իր որդին կապացուցի իր անմեղությունը:

Նոյեմբերի 1-ին դատարանը քրեական գործով անցնողների համար խափանման միջոց է ընտրել: ՆԳ նախարարի որդին պարտավոր է դատարան ներկայանալ դատախազության կանչով և չպետք է լքի իր գրանցման վայրը, նաև նրան պարտավորեցրել են հանձնել արտասահմանյան անձնագիրը: Բացի այդ՝ Ավակովը պետք է էլեկտրոնային ապարանջան կրի, սակայն նրան հետևելու սարք դեռևս չեն գտել:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Իշխանության ամենասեւագործ դեմքը’
Հաջորդ հոդվածը‘ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն վերահաշվարկի 22 դիմում է ստացել’