‘Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր մտցնելու մասին’

1024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել Ուկրիանայի տարածք խաղաղապահ զորախումբ մտցնելու մասին, գրել է Сегодня.uа-ն:

Ակնկալվում է, որ այդ հարցը ԱԽ-ն կքննարկի արտահերթ խորհրդակցության ժամանակ, ուրբաթ, ժամը 18:00-ին: Նիստը նախաձեռնել է  ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը՝  Դոնեցկի մարզում «Բոինգ-777»-ի կործանման առնչությամբ: Ընդ որում՝ ԱԽ-ի դրական որոշումը ուկրաինական լրատվամիջոցներն ակնկալում են նաև երկրի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հայտարարության հիման վրա, ով նախօրեին տեղեկացրել է արևելքում ռազմական գործողության մարտավարության փոփոխության մասին: «Մենք փոխում ենք մարտավարությունը, ինչը մեզ հնարավորություն կտա որակյալ գործել արտասահմանյան պետությունների զինված ուժերի անմիջական ներգրավման պայմաններում»,- հայտարարել է նախագահը: Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը կքննարկի մասնակի զորահավաքի հնարավորությունը և անհրաժեշտությունը:

Դիվանագիտական շրջանակներում լրատվամիջոցի աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ խաղաղապահների մուտքը երկիր հնարավոր չէ՝ առանց Գերագույն ռադայի հավանության: «Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկելու»,- համոզված է աղբյուրը: Միևնույն ժամանակ, УДАР-ից պատգամավոր Վալերի Ցապկանն ընդգծել է, որ ռուսաստանյան զորքերի մուտքը երկրի տարածք չպետք է թույլ տալ: «Հարկավոր է դիմել բոլոր միջազգային կազմակերպություններին: Խաղաղարար ուժեր մտցնելը կօգնի դադարեցնելու պատերազմը: Սակայն չի կարելի թույլ տալ, այսպես կոչված՝ ռուսաստանյան խաղաղապահների մուտքը»,- ասել է պատգամավորը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կահիրեում ձերբակալվել է Մուհամեդ Մուրսիի որդին’
Հաջորդ հոդվածը‘Միգրանտները ստիպված կլինեն քննություն հանձնել ոչ միայն ռուսաց լեզվից’