‘Ուկրաինական ընդդիմությունը հրապարակել է գործողությունների պլանը’

880

Ուկրաինական ընդդիմությունը հրապարակել է իր գործողությունների պլանը, որում նշվում է՝ ընդդիմության հիմնական առաջադրանքներն ու նպատակներն են քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ՆԳՆ նախարար Վիտալի Զախարչենկոյի և խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած «Բերկուտի» հատուկջոկատայինների նկատմամբ քրեական գործերի հարցուցումը, Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության հրաժարականը, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը:

Սրանք ընդդիմության գործողությունների պլանի առաջին փաթեթում ներառված պահանջներն են:

 Գործողությունների պլանի երկրորդ փաթեթի մեջ են մտնում միջազգային միջոցառումները:

Ընդդիմությունը մտադիր է դիմել միջազգային առաջատար իրավապաշտպան կազմակերպություններին՝ Եվրոպայի Խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդին և ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին, ինչպես նաև «Լրագրողներ առանց սահմանների», «Amnesty International» ու «Human Rights Watch» միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին՝ կապված Ուկրաինայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ:

Նախատեսվում է նաև դիմել «Մեծ քսանյակի» անդամ երկրների կառավարություններին՝ խնդրանքով՝արգելափակել ուկրաինական կառավարության անդամների հաշիվները, իսկ FATF-ին՝( Financial Action Task Force փողերի լվացման և ահաբեկչության ֆիանսավորման դեմ պայքարի միջկառավարական կազմակերպություն) և ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչությանը խնդրելու է վերադարձնել ակտիվները: Իսկ ֆինանսական, տնտեսական և հաշիվների վերահսկողության նպատակով ընդդիմությունը մտադիր է դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին և Հաշվարկների միջազգային բանկին (Բազել, Շվեյցարիա), ընդդիմությունը նաև կդիմի Ազգային դիմադրության շտաբին կից ֆինանսական մոնիթորինգի խորհրդին՝ ֆինանսական իրավիճակը հսկելու համար:

Նախատեսվում է նաև ստեղծել քաղաքացիական իրավունքների պաշտպանության ազգային կոմիտե՝ Ուկրաինայում մարդկության դեմ իրականացված հանցագործությունները փաստաթղթավորելու համար:  Ուկրաինայում խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումների աճի կապակցության ընդդիմությունը մտադիր է ուղերձով դիմել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին և ԵՄ-ին:

Նախատեսվում է նաև«նախագահական նստավայրի մերձակայքում դեկտեմբերի 1-ին «Բերկուտի» կիևյան բաժնի ղեկավար Սերգեյ Կուսյուկի սադրիչ գործողությունների վերաբերյալ ապացույցներ ուղարկել միջազգային կազմակերպություններին և գլխավոր դատախազությանը:

Գործողությունների ծրագրի հաջորդ փաթեթով նախատեսվում է դիմել հասարակական անհնազանդության միջոցառումների, ինչպես նաև բոյկոտել «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորների կամ ակտիվիստների արտադրած ապրանքը կամ մատուցած ծառայությունները:

Նշենք նաև, որ ուկրաինական ընդդիմության առաջնորդները՝ Յացենյուկը, Կլիչկոն և Տյագնիբոկը նամակով այսօր դիմել են ԱՄՆ կոնգրեսին և սենատին, ինչպես նաև նախագահ Օբամային: Նամակում ուկրաինական ընդդիմադիրները կոչ են անում իրական քայլերով աջակցել դեմոկրատիայի և իր իրավունքների համար պայքարող ուկրաինացի ժողովրդին և պատժամիջոցներ կիրառել սեփական ժողովրդի դեմ պայքարող իշխանությունների նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական դատախազությունը կհարցաքննի ընդդիմության առաջնորդներին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ռուսաստանցի դիվանագետներին խարդախության մեղադրանք է ներկայացրել’